Երևանում այսօր` մայիսի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտաս-16 շենքի դիմաց ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու հոգու և փորձել խուսափել պատասխանատվությունից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 42-ամյա Արտակ Գրիգորյանը, ով աշխատում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Երևանի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքում որպես տեսուչ` ավագ լեյտենանտ կոչումով, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ քույր ու եղբայր 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի թիվ 70 դպրոցի 11-րդ դասարանում) և 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):
Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում եղբայրը` Արթուրը գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Այնտեղ էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լևոն Շմավոնյանը, իսկ քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը:
Ի դեպ, վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առևանգել են: Սակայն շատ ավելի ուշ՝ գիշերը, ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի ավտոառևանգում էլ չի եղել և վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանը:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի











































