Երիտասարդության օրը նշելը, թեկուզ միջազգային օր, խիստ պայմանական է, որովհետև երիտասարդությանն է ոչ թե օրը, այլ ապագան: Սրանից ավելին լինել չի կարող: Այնպես որ օրերը պայմանական են, որոնց տրվում են կենացներն ու պաթոսը. դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական երևույթի հետ: Որովհետև երիտասարդությունը նախևառաջ նաև այդ պաթոսի մերժումն է: Ըստ որում՝ կա երևի թե հատկանշական մի բան. Երիտասարդության օր պաթետիկ երանգներով նշում են այն երկրներում, որտեղ երիտասարդության դերն իրականում հնարավորինս փորձում են նեղացնել ու նսեմացնել՝ հասցնելով ընդամենը կամակատարության: Եվ այս երկրների շարքին է դասվում նաև Հայաստանը, որտեղ իշխանությունները կարող են երիտասարդությանը ուղերձներ հղել, խոսել այն մասին, որ նրանք են փոփոխությունների, ապագայի երաշխիքն ու գրավականը, սակայն իրականում խրախուսել միայն այն երիտասարդներին, որոնք իշխանությունների, ոչ թե պետության ու հասարակության, քաղաքացիական Հայաստանի ապագան են: Իսկ այն երիտասարդները, որոնք պայքարում են հասարակության շահերի համար, պետության շահերի համար, կարող են հայտնվել բանտում, ինչպես, օրինակ, հենց այսօր Երիտասարդների միջազգային օրը նշող Հայաստանում բանտում է մի երիտասարդ՝ Տիգրան Առաքելյանը, որի միակ հանցանքն այն է, որ նա իշխանություններին ծառայող երիտասարդների ճամբարից չէ, այլ հարում է ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդությանը:
Առաջին հայացքից այս ամենն աբսուրդ է, սակայն իրականում՝ հայաստանյան օրինաչափություն, որովհետև եթե երկրում անպատիժ կեղծում են ամեն ինչ՝ ընտրություններից մինչև առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ: Բնականաբար, պետք է կեղծեն նաև երիտասարդների հանդեպ վերաբերմունքը, պետության ու հասարակության կյանքում ունեցած նրանց կարևոր տեղն ու դերը:
Երկրները, որտեղ երիտասարդների դերը չի կեղծվում, զերծ են պաթետիկ միջոցառումներից և ուղերձներից: Ընդ որում՝ այնտեղ երիտասարդներն էլ այդ ամենը չեն կարևորում, ընդհանրապես որևէ օր չեն կարևորում, որովհետև հակառակ դեպքում դա արդեն երիտասարդություն չէ: Օրը երիտասարդի համար չափազանց նեղ է: Երիտասարդի համար ժամանակային չափում չկա, կան չափման արժեքներ՝ ազատություն, իրավունք, երկրի, ապագայի տեր լինելու համոզմունք, ձգտում, սկզբունքայնություն և համարձակություն, պայքարի ոգի:
Այդ երկրներն է, որ ունենում են ապագա: Այդ ապագան զերծ չի լինում խնդիրներից, մարտահրավերներից, սակայն երբ կա երիտասարդության դեր, ու այն կեղծված չէ, խնդիրները հնարավոր է լինում լուծել՝ հաճախ բուռն հակասություններով, սակայն հօգուտ պետության:
Հայաստանում այս իմաստով երիտասարդությունը դեռևս թույլ է: Դեռևս ուժեղ է այն զանգվածը, որն առաջնորդվում է կոմֆորմիզմով՝ այդ ամենը արդարացնելով իբր պետության մասին հոգածությամբ, իբր պետականամետ լինելու պարագայով: Սակայն Հայաստանում ձևավորվել է երիտասարդության մի կորիզ, որը կեղծելն այլևս անհնար է: Այդ երիտասարդները փոքրաթիվ են, նրանց վրա է բոլոր ոլորտներում հասարակության շահերի համար պայքարի հիմնական ծանրությունը, որը նրանք տանում են առանց տրտնջալու, առանց իշխանական ռեպրեսիաներից ահաբեկվելու: Դա Հայաստանի օրիգինալ երիտասարդությունն է, որը, կարելի է վստահաբար ասել, դիմացել է կեղծվելու բոլոր փորձություններին: Կարող է բեկվել որևէ հոսանքից, քամուց, բայց դա արդեն ժամանակավոր երևույթ է, քանի որ կեղծել այդ երիտասարդությանն այլևս հնարավոր չի լինելու՝ ինչքան էլ իշխող համակարգը այս տեսանկյունից դաշտը լցնի կեղծ «նմուշներով»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































