Իսրայելի կառավարական հանձնաժողովը կիրակի երեկոյան հաստատել է պաղեստինցի 26 բանտարկյալների ցուցակը, որոնց ազատ արձակումը ծրագրված է երեքշաբթի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առողջական խնդիրների պատճառով հանդիպմանը չի մասնակցել: Անցած գիշեր նա ենթարկվել է որովայնի շրջանում ճողվածքի հեռացման վիրահատության: Ներկայում նա հիվանդանոցից դուրս է գրվել:
Ավելի քան 20 տարի առաջ բանտում հայտնված և այժմ համաներված պաղեստինցիների ցուցակը կհրապարակվի այսօր Իսրայելի Բանտերի հարցերով վարչության կայքում:
Որոշ տեղեկություններով՝ համաներվածների շարքում կան ՀԱՄԱՍ շարժման ակտիվիստներ:
104 պաղեստինցիների ազատ արձակման մասին որոշումը հրեական պետության կառավարությունն ընդունել է հուլիսի 28-ին՝ որպես բարի կամքի դրսևորում Վաշինգտոնում երկու կողմերի բանակցային խմբերի հանդիպման նախաշեմին:










































