Մոտ մեկ շաբաթից որոշակի կդառնա, թե Շիրակի մարզից ՀՀԿ-ը ռեյտինգային ցուցակով ովքեր կառաջադրվեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: «Այս պահին չկան քննարկումներ, դեկտեմբերի 7-ը կանցնի, կհավաքվենք, կքննարկենք, կխոսենք, կասենք»: Արդյո՞ք օրակարգում կան Սամվել Բալասանյանի որդու, Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի անունները, ՀՀԿ Շիրակի մարզի ղեկավարը նկատեց. «Եկեք չորոշակիացնենք, որպեսզի կանխատեսումների տոն չտանք այդ ամենին: Մենք շատ համակողմանի քննարկումներ ենք կազմակերպելու, կքննարկենք, այս մեկ շաբաթվա մեջ կասեմ»:
Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դեռ հստակ չէ՝ որ կուսակցության ռեյտինգային ցուցակով կառաջադրվի, մոտ ապագայում՝ մինչև տարեվերջ պարզ կլինի: Հնարավոր է՝ միանա ԲՀԿ երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս մոտ օրերս կհայտարարի քաղաքականություն՝ իր վերադարձի մասին, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշն ասած, մենք մեր թիմով քննարկում ենք դա, վերջնական պատասխան չկա, այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»:
Գյումրիում ընտրությունները, պատգամավորի դիտարկմամբ՝ մշտապես պայմանավորված են մարդկանց վարկանիշի հետ: Մյուս կողմից, նշեց, որ ինքը Գյումրիում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել. «Կգա օրը, կորոշենք մեր թիմի հետ՝ որ թիմով ենք առաջադրվելու, այսինքն՝ որ կուսակցության համամասնական ցուցակում ենք ընդգրկվելու, ըստ այդմ կլսենք ժողովրդի պատասխան գնահատականը: Գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ռեյտինգայիններն են կազմակերպելու և ռեյտինգայիններն են ապահովելու կուսակցությունների համար համապատասխան թվերը», ասաց նա՝ հավելելով, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը ռեյտինգայինի խնդիր ունեն, և քննարկում են իրենց ռեյտինգային ցուցակները:
Սերժ Սարգսյանի հետ իր՝ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու հարցը չի քննարկվել, բայց հանդիպել են այլ նպատակով. «Այո, հանրապետության նախագահի հետ երկրորդական փողոցների ծրագիրն ենք իրականացնում, և ես ժամանակ առ ժամանակ նախագահին եմ ներկայացնում կոնկրետ մեր կատարած աշխատանքները, արդյունքները, թե ինչ ծրագրեր ունենք, ուր ենք հասել առաջադրանքների հետ կապված»,- ասաց պատգամավորը:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանից առաջարկ չի ստացել ռեյտինգային ցուցակով առաջադրվելու, Մարտուն Գրիգորյանը նշեց. «Այսպես ասեմ, բոլոր կուսակցություններից, անխտիր բոլորից առաջարկ կա»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպես է նախկին ԲՀԿ-ականը վերաբերվում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին. «Ինֆորմացիա չունեմ, տեղյակ չեմ, կոնկրետ Գագիկ Ծառուկյանի պատասխանը չկա այս կապակցությամբ: Տեսնենք, Գագիկ Ծառուկյանը վերադառնում է, թե ոչ, մենք մեր թիմով մեր անելիքները կորոշենք»:
Վերջում էլ հավելեց. «Մեծ թիմ ունեմ, որը քաղաքում բավական լուրջ հեղինակություն ունի իր կատարած աշխատանքով»:









































