Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է, որ նա պաշտոնական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Դրանում նա խնդրել է պետբյուջեից 35 միլիոն դոլար հատկացնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ապահովման ֆինանսավորման համար։
Նա պարզաբանել է, որ անհրաժեշտ է հավելյալ ֆինանսավորում հատկացնել Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտին, որը ապահովում է Հինգերորդ ավենյուում գտնվող Trump Tower-ի անվտանգությունը։
Նրա խոսքերով՝ անվտանգության ծախսերի նախագիծը նախատեսված է ընդհուպ մինչև Թրամփի երդմնակալության արարողությունը, որը նշանակված է 2017 թվականի հունվարի 20-ին։
Նյու Յորքի քաղաքապետը հավելել է, որ տվյալ հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածու Սթիվեն Մնուչինի հետ։











































