Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ԱՄՆ-ին այսօր կոչ է արել թույլ չտալ, որ իրագործվի Թեհրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին օրինագիծը։
Սալեհին դեկտեմբերի 4-ին Վիեննայում ԱԷՄԳ-ի նիստի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեսթ Մոնիսի հետ և լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի հանդեպ պատժամիջոցների հնարավոր երկարաձգման համար։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա նախորդ տարվա ամռանն Իրանի ու «վեցյակի» միջև ստորագրված միջուկային գործարքին՝ հավելելով, որ Իրանը կատարում է այդ գործարքով իր բոլոր պարտավորությունները։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել ԱՄՆ-ի գործողություններին։ Մոնիսն իր հերթին հայտարարել է, որ իրանական կողմի մտահոգությունները կփոխանցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։










































