Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերիին նամակ է հղել, որտեղ դժգոհություն է հայտնել պաղեստինյան կողմի մի շարք հայտարարությունների վերաբերյալ՝ հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունների առաջին փուլը կկայանա Իսրայելում` օգոստոսի կեսերին: Երեք տարվա ընթացքում առաջին անգամ իսրայելցիների ու պաղեստինցիների բանակցությունները վերսկսվել են հուլիսի 29-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ:
«Հրահրումն ու խաղաղությունը չեն կարող միասին գոյություն ունենալ»,- գրել է վարչապետը:
Մասնավորապես, ինչպես պնդում է աղբյուրը, Իսրայելին դուր չի գալիս Պաղեստինի ղեկավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հայտարարությունները իսրայելցիների վրեժի վերաբերյալ:
«Փոխանակ պաղեստինցիների ապագա սերունդներին սովորեցնեն խաղաղ ապրել Իսրայելի հետ, նրանք ատելություն են սերմանում՝ հիմք ստեղծելով բռնության ու հակամարտության շարունակության համար»,- նամակից մեջբերում է գործակալությունը:
Պաղեստինյան կողմն արդեն հերքել է այդ դժգոհությունը և նամակն անվանել է Իսրայելի կողմից «միջազգային իրավունքների խախտումից ուշադրությունը շեղելու փորձ»: Ամերիկյան կողմի արձագանքը դեռ հայտնի չէ:









































