Արդեն երկու ամիս է՝ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները ցույցեր են անում Կահիրեում: Օրերս հերթական ցույցի ժամանակ նրանք Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու մուտքի մոտ սև ներկով «Եգիպտոսն իսլամական է» գրություն են թողել:
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև ինքն արձակուրդի մեջ է և այս պահին Եգիպտոսում չէ, բայց իրեն տեղյակ են պահում, որ բացարձակապես որևէ խնդիր չկա:
Նա նշեց, որ մակագրությունը բնավ հայկական եկեղեցու դեմ չէ, պարզապես ցուցարարները փողոցով քայլում են, եկեղեցիների ցանկապատերի վրա սև ներկով գրում են, բայց սա հայկական եկեղեցու դեմ չէ, և որևէ վտանգ չկա հայկական եկեղեցիների համար: Ըստ նրա՝ ցուցարարներն անցնելիս արձանագրություններ են թողնում, չեն նայում դա ղպտական եկեղեցի է, թե հայկական, բայց այդ արձանագրություններն ուղղված են ղպտիների պատրիարքին:
Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը նշեց, որ մինչև հեղափոխությունն էլ թշնամական վերաբերմունք եղել է իսլամիստների կողմից քրիստոնյաների նկատմամբ, և այդ հողի վրա տարբեր շրջանում եղել են սպանություններ, սակայն պետությունը որևէ ձևով թույլ չի տվել դրսևորվի քրիստոնյաների նկատմամբ հակակրանքը:
Բացի այդ, ըստ նրա, Գրիգոր Լուսավորիչ տաճարը գտնվում է Կահիրեի կենտրոնական փողոցում, և մինչև հիմա երկու տարվա ընթացքում որևէ կերպ չեն վնասել եկեղեցին, ոչ էլ փորձել են մտել ներս: Բայց թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, ինչ ընթացք կստանան ծավալվող իրադարձությունները՝ սրբազանը դժվարանում է ասել:
«Արդյո՞ք պետք է հարձակվեն եկեղեցիների վրա՝ չեմ կարող ասել: Ցուցարարները, որոնք Մուրսիի կողմնակիցներն են, շարունակում են պահանջները, բայց մյուս կողմից՝ բնականոն կյանքը չի դադարում Եգիպտոսում. նորից աշխատանքներն ընթացքի մեջ են, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված»,- ասաց նա:
Սրբազանը նշեց, որ ցուցարարները միայն հրապարակներում են, և միայն այդտեղ ու մոտակա տարածքներում է մեքենաների հոսքը և խանութների աշխատանքը խաթարված:
«Քաղաքի մնացած մասերում նորմալ է ամեն բան, մարդիկ գնում են աշխատանքի իրենց առօրյա հոգսերով, առևտուր անում: Այսինքն՝ երկիր այցելողը հրապարակում ցուցարարների կարող է տեսնել, մի փոքր այն կողմ բացարձակապես չի զգում, որ ինչ-որ բան է կատարվում երկրում: Իսկ մտահոգությունը միևնույն ժամանակ այն է, թե ինչ պետք է լինի վերջը՝ արդյոք «Մուլսուլման եղբայրները» պետք է անցնի՞ գործողությունների, թե՞ ոչ: Այսօր երկրի անվտանգությունը ամեն ինչ անում է, որ դրան չհասնեն, առայժմ վերահսկողության տակ է պահում»,- ասաց Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:






































