«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե, որի նախագահ երեկ նշանակվեց Նարեկ Սարգսյանը: Ճարտարապետներն ասում են, որ չկա կոմիտեի ստեղծման նպատակը, հիմնավորումը: Ձեզ համար պա՞րզ է՝ ինչ է անելու կոմիտեն:
– Ճարտարապետության պետական կոմիտեն նախագահի հրամանագրով է ստեղծվել, և ես չէի ուզի հենց սկզբից ասել, որ անպատեհ էր դրա ստեղծումը. կապրենք, կտեսնենք: Պարզապես բոլորի մոտ այն տպավորությունն է, որ եթե մենք ունենք քաղաքաշինության նախարարություն, այս մի կոմիտեն ի՞նչ պետք է անի, և հենց դա է տարընթերցման պատճառ հանդիսանում:
– Դուք միշտ քննադատել եք Երևանում ճարտարապետական աղավաղումները, ի՞նչ եք կարծում՝ Նարեկ Սարգսյանին պաշտոնից հանելը, մեկ ուրիշ պաշտոնի նշանակելը ի՞նչ նպատակ էր հետապնդում, արդյո՞ք փորձեցին այս քայլով զսպաշապիկ լինել:
– Չեմ կարծում, որ պետությունն իր այս քայլերով ինչ-որ սաստող դեր է կատարում: Ես ավելի լավատեսորեն եմ մտածում, որ սա արվում է, որպեսզի ճարտարապետության բնագավառը, որը շատ կարևոր է մեր երկրի համար, գտնվի ավելի լավ պայմաններում: Դեռ վաղ է ասել, թե ինչ արդյունքների մենք կհասնենք, բայց երկու-երեք իրար զուգահեռ և իրար նման նախարարություններ էլ որ ստեղծվեն, եթե չփոխվի ընդհանուր մտածելակերպը, որ ճարտարապետության, քաղաքաշինության մեջ բոլոր քայլերը ուղղված լինեն դեպի ժողովուրդը, ոչ թե առանձին մարդկանց կարիքները բավարարելուն, ուրեմն այդ բոլոր քայլերն իզուր են:
– Ինչպես մինչև հիմա՞ է եղել:
– Մեծ մասամբ կարելի է ասել, որ այդպես է եղել:
– Կոմիտեի նպատակը, մեծ հաշվով, Ձեզ էլ պարզ չէ, Ճարտարապետների միության հետ ստեղծման գաղափարը չի՞ քննարկվել:
– Չէ՛, չի քննարկվել միության հետ: Մենք գիտենք, որ նախարարությունը, որն իր ֆունկցիաների մեջ ներգրավել է նաև ճարտարապետական խնդիրները, կարծում է, որ դա բավարար չէ, և կառավարությունը գտել է, որ ևս մեկ կոմիտե է պետք… տեսնենք ինչ կստացվի:
– Պարոն Մինասյան, երբ Նարեկ Սարգսյանը վերջին անգամ նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնին, մինչ այդ Հայաստանի գլխավոր ճարտարապետն էր, այդ ինստիտուտը նրա գնալուց հետո վերացավ: Հիմա գլխավոր ճարտարապետի ինստիտուտը հնարավո՞ր է վերանա, և ի՞նչ եք կարծում՝ արդյոք պե՞տք է մեզ այդ ինստիտուտը:
– Գլխավոր ճարտարապետի ինստիտուտն առյաժմ պետք է, և երբ մենք ամբողջովին ունենանք բոլոր փաստաթղթերը, որտեղ գլխավոր ճարտարապետը և նրա աշխատակազմը միայն վերահսկողություն են իրականացնում քաղաքում կատարվող քաղաքաշինական և ճարտարապետական խնդիրների վրա, դա ուրիշ խնդիր է, բայց մենք դեռևս մի փոքր ճանապարհ ունենք գնալու, որովհետև ամեն ինչ դեռ պարզ չէ, և կարծում եմ՝ քաղաքի գլխավոր ճարտարապետի խնդիրը հենց դա է, որ քաղաքի համար որևէ վիճելի հարցեր չթողնի, և այդ վիճելի հարցերը չլուծվեն առանձին պատվերների կարգով:
– Նորանշանակ Երևանի գլխավոր ճարտարապետի՝ Տիգրան Բարսեղյանի մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Իրեն շատ լավ գիտեմ, երկար տարիներ մեր Ճարտարապետաշինարարական համալսարանի դեկանն է եղել, հավասարակշռված տղա է, նախագծման փորձ ունի, և թե՛ երիտասարդների, թե՛ մեծերի հետ աշխատելու փորձ ունի:
– Ի՞նչ եք կարծում` նա կկարողանա՞ կոմիտեից առանձին գործընթացների վրա ազդեցություն ունենալ:
– Ինչ-որ դեպքերում անպայման առնչություններ կլինեն, որովհետև եթե ճարտպետկոմը գլխավորելու է հանրապետությունում տեղի ունեցող ճարտարապետական պրոցեսները, դրա մեջ մտնում է նաև քաղաքը, բայց ինչ չափով, դա իրենց որոշելու խնդիրն է:
– Պարոն Մինասյան, մինչև հիմա անընդհատ խոսել ենք ճարտարապետության ոլորտի մոնոպոլացված լինելու մասին, ի՞նչ եք կարծում այս փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի՞ դաշտը գոնե մի փոքր ազատականացնել:
– Ամբողջ օդն է հագեցած դրանով, ոչ միայն ճարտարապետության մեջ, այլ տարբեր բնագավառներում մենք տեսնում ենք, որ մոնոպոլացված է, և դրա լուծումը հետևյալն է՝ ինչքան թափանցիկ լինի, ինչքան հասարակությունը տեղյակ լինի, ինչքան հայտարարվեն մրցույթներ, որտեղ հանդես կգան ճարտարապետները իրենց մտահղացումներով, և դրանք արվեն բաց, առանց կաբինետային խոսակցությունների, այնքան մենք ավելի շուտ դուրս կգանք այս վիճակից. միակ պայմանը դա է:








































