Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ շարունակվում է Ալե Մամոյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 26-ամյա Ալե Մամոյանը 2013 թվականի հունվարի 12-ին, իր ծննդյան օրից վեց օր անց, գիշերվա ժամը 1-ին Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված Աղայան ԱՁ սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային համարում, ալկոհոլ օգտագործած վիճակում, Խ.-ի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, բայց իր կամքից էլ անկախ հանգամանքների ազդեցությամբ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Իհարկե, կապ չունի, թե ժամը քանիսին և որտեղ է կատարվել դեպքը: Բոլոր իրավիճակներում սեռական հարաբերությունները պետք է կողմերի լիարժեք համաձայնությամբ տեղի ունենան, այլապես ապրված կամ չապրված հաճույքը կվերաճի հանցագործության համար պատասխանատվության ենթարկվելու տհաճության:
Ալե Մամոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով: Մամոյանը կալանավորված է:










































