Ազատության հրապարակում տեղի ունեցող ազատամարտիկների երկարատև նստացույցը, որն ուղեկցվեց նաև հացադուլով, և հրապարակում տեղի ունեցող հանրահավաքները հասարակական քիչ ուշադրության են արժանանում: Մամուլն էլ այնքան մեծ ուշադրությամբ չի հետևում տեղի ունեցողին: Իրականում, սակայն, պատերազմ հաղթած պետության համար, երբ հաղթանակից ընդամենը անցել է հազիվ մոտ երկու տասնամյակ, և երբ այդ հաղթանակը դեռ կարիք ունի դե յուրե ամրագրման և դե ֆակտո ամրապնդման, սա ուղղակի շոկային իրադարձություն է, երբ հաղթանակի մասնակիցների մի մասը հանդես է գալիս սոցիալական, իրավական և բարոյական պահանջների հրապարակային դրսևորմամբ:
Նրանց հետ մի քանի անգամ հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն սա և քիչ է ըստ էության, քանի որ այդ հանդիպումները արագ արդյունքներ չեն էլ արձագանքել, և թե այստեղ խնդիրը իշխանությունների լոկալ արձագանքը չէ միայն: Այստեղ խնդիրը հասարակության վերաբերմունքն է: Իշխանությունները կամ կլուծեն, կամ չեն լուծի խնդիրները: Ամեն բան կախված կլինի անհրաժեշտությունից հենց իշխանությունների համար: Սակայն, եթե նույնիսկ լուծվի այդ խնդիրը, միևնույն է` մնում է շատ կարևոր այն հարցը, որ առաջացել է հասարակության անուշադրությունից, և վախով, բայց պետք է արձանագրենք՝ նաև անտարբերությունից: Իսկ սա լուրջ խնդիր է, որովհետև Հայաստանը գտնվում է չավարտված պատերազմի մեջ և պայթյունավտանգ տարածաշրջանում` ավելի լայն իմաստով:
Այս դեպքում հասարակական արձագանքը պատերազմի մասնակիցների հրապարակային բողոքին կարծեք թե ադեկվատ չէ: Խնդիրն այն չէ, որ պետք է գնալ, միանալ նստացույցին կամ հանրահավաքներին ու բազմություն, քանակ ապահովել: Խնդիրը հասարակական աջակցության էներգետիկան է: Ոչ թե քանակը, այլ այդ էներգետիկան է իշխանություններին ստիպում ինչ-որ զիջումների և լուծումների գնալ: Սակայն, ինչպես նշեցինք, այստեղ խնդիրը իշխանությունների քայլերն էլ չեն, այլ հասարակության իներտությունն ինքնին: Սա ինքնապաշտպանության բնազդի վտանգավոր բթացման մասին է խոսում:
Հայաստանում սոցիալ-հոգեբանական հարվածները հասել են հասարակության քներակին, և այս առումով հասարակությունը քնած է, այլապես ազատամարտի, պատերազմի մասնակիցների խնդիրը ամեն ոք կհամարեր իր խնդիրը, քանի որ այդ կոնտինգենտն է վաղը կազմելու հավանական նոր պատերազմի առաջին գիծը: Տա Աստված, որ ոչ մի պատերազմ էլ չլինի, սակայն Հայաստանի հասարակությունն իրավունք չունի չմտածել, որ այն կարող է լինել: Իսկ եթե կարող է լինել, հետևաբար կա մի հենք, որը հասարակության համար պետք է ունենա անվտանգության գերնշանակություն: Եվ սա կապված չէ այս կամ այն շերտի հետ, սա կապված է ներքին հասարակական զգայարանների հետ: Դրանք ինչ-որ բան ինչ-որ տեղ պետք է զգան, և եթե ոչինչ չեն զգում ազատամարտիկների բողոքի մեջ, ապա ինչ և որտեղ են այլ բան զգում:






































