Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել տնտեսության զարգացման այլ ուղիներ փնտրել, որպեսզի տնտեսումը չլինի ճգնաժամի դեմ պայքարի միակ միջոցը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Հունաստանի դժվարությունները հաղթահարելու համար մենք չենք կարող հույս դնել միայն տնտեսման վրա: Կարևոր է ունենալ ֆիսկալ կոնսոլիդացիայի պլան՝ հաղթահարելու պարտքը, սակայն ոչ պակաս կարևոր են ջանքերը՝ ուղղված տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է Օբաման:
Սամարասը նշել է, որ Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկությունը հասել է 60 տոկոսի:
Օբաման և Սամարասը քննարկել են նաև իրադրությունը տարածաշրջանում, էներգառեսուրսները, որոնք մտադիր է բացել Հունաստանն իր մոտ, կիպրական հարցի կարգավորումը:
Նախկինում հաղորդվել է, որ գործազրկությունը Հունաստանում հասել է 27.6 տոկոսի, ինչը նոր ռեկորդ է:












































