Քրեակատարողական հիմնարկում «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված բռնութունները Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԺ-ին լռեցնելու փորձ որակեց. «Վերջին շրջանում «Հայկական ժամանակ»-ը բավականին լուրջ բացահայտումներ է կատարել օլիգարխների մասին, եւ հենց այդ օլիգարխներն են կանգնած Փաշինյանի նկատմամբ իրականացված բռնությունների հետեւում»։
Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ այս ռեժիմին չի հաջողվի ճնշել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Կոնգրեսը ինտենսիվ աշխատում է եւ օգտագործելու է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները։ Նա նշեց, որ արդեն իսկ պահանջել են անցկացնել բժշկական փորձաքննություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ։ Զուրաբյանը նաեւ կոչ արեց լրագրողներին միանալու իրենց պայքարին, քանի որ Նիկոլ Փաշինյանը լրագրող է։ ՀԱԿ համակարգողը հիշեցրեց, որ սա քաղբանտարկյալների նկատմամբ բռնությունների առաջին դեպքը չէ. «Դեռեւս 2008թ. նման բռնություններ են եղել Գրիգոր Ոսկերչյանի, Արմեն Սարգսյանի, Վարդգես Գասպարիի նկատմամբ»։










































