Օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:
Հայ եկեղեցում ահագնացող ճգնաժամի, դրա արմատների ու ելքերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:
– Որտե՞ղ են հայ եկեղեցու ճգնաժամի արմատները:
– Կարծում եմ` ճգնաժամը խորացավ, երբ խորհրդային շրջանից անկախության շրջան անցանք, ենթադրում եմ, որ եկեղեցին չհասցրեց վերաիմաստավորել իր նոր դերը, իր հնարավորությունները, իր կարողությունները, և կարծում եմ` որոշ հոգևորականներ շտապեցին ընտրել որոշ կարիերային նպատակներ, քան թե եկեղեցու իրական ֆունկցիոնալ դերի խնդիրների մշակումը: Ու քանի որ այդպիսի շտապողականություն առաջացավ և չըմբռնվեց եկեղեցու նոր իրավիճակին համապատասխան դերը, այն դարձավ մի տեսակ հակոտյնա այն խնդիրներին, որ կարող էր եկեղեցին վերցնել: Գոնե խորհրդահայկական տարածքում, նաև, ենթադրում եմ, այդ տարածքին ենթակա թեմերում զգալի չափով չիմաստավորված եկեղեցու դերակատարության մի ընթացք է:
– Տիկին Խառատյան, եթե, ըստ Ձեզ, եկեղեցու ճգնաժամը խորացավ խորհրդայինից անկախության շրջան անցնելու փուլում, նույն՝ խորհրդայինից անկախացում անցումային փուլն ապրել է նաև վրաց եկեղեցին, բայց պատրիարք Իլյա Երկրորդն ունի մեծ հեղինակություն: Ինչպե՞ս է այս դեպքում պահպանողականը զուգորդվում առաջադիմության հետ:
– Չեմ շտապում Վրաստանի մասին անել եզրահանգում Հայաստանի մամուլում եղած փոքրիկ հրապարակումների արձագանքներով: Մենք չգիտենք, թե Վրաստանում իրականում ինչ գործընթացներ են գնում: Առավել ևս գոնե մի բան գիտենք, որ այնտեղ կանգնած են ազգայնական խնդրի առջև, օրինակ՝ հայկական եկեղեցիների խնդիրն այնտեղ բավականին լուրջ դիմադրության է հանդիպում: Չէի ուզենա շատ շտապ փորձել իմաստավորել Վրաստանի եկեղեցու գործառույթների ներկայիս վիճակը:
– Հայ եկեղեցու ներկայիս վիճակը անձերո՞վ է պայմանավորված, թե՞ խնդրի արմատն ավելի խորն է:
– Դե, երկուսն էլ: Եվ կային օբյեկտիվ պատճառներ, որոնք մինչև իմաստավորվեին, չէին կարող այս իրավիճակում աշխատել, և երկրորդը, որ հենց սկզբից կարծեք թե գործառույթները չիմաստավորված` իրար հետևից սկսեցին եկեղեցու իրավիճակը իշխել և թելադրել մարդիկ, ովքեր պատշաճ պատրաստված չէին եկեղեցու իրական նոր ֆունկցիային անցնելու: Կարծում եմ` այո, նաև անձերը դեր ունեն, բայց իհարկե` դրա զուգակցումը ընդհանուր խնդիրների հետ: Հենց թեկուզ այն, որ արդեն առնվազն 20 տարի մեր երկրում կան բազում խնդիրներ, և եկեղեցին միշտ դժկամությամբ և շատ դժվարությամբ ու դանդաղ է արձագանքում եղած խնդիրներին: Այս ամենն արդեն ինքնին ցույց է տալիս, որ եկեղեցին պատրաստ չէ ընթացիկ գործընթացներին արձագանքել, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մեջ բավական թիվ են կազմում, ըստ երևույթին, մարդիկ, ովքեր օրախնդիր և ավելի նյութական, քան հոգևոր և հասարակական խնդիրներով են զբաղված: Դա դժվարացնում է եկեղեցու այլ խնդիրների քննարկումը: Որքան գիտեմ՝ այդպես լուրջ քննարկումներ չկան:
– Այս իրավիճակն ի՞նչ լուծում է պահանջում:
– Այսօրվա մեր եկեղեցին գնալով այնքան խորացնում է իր ետդարձի ճամփան, որ ավելի ու ավելի դժվար է դառնում այդ լուծումն առաջարկելը: Այնտեղ լուսավոր մարդիկ կան և ջանում են, բայց համարձակության մեծ պակաս կա նաև: Եկեղեցու ներսում գնում է հիերարխիկ և բացարձակ վերահսկողություն, տոտալ իշխանություն, և դա շատ դժվարացնում է ենթակայության տակ գտնվողների, ինչքան ցածր՝ այնքան ավելի դժվար, մտածողություն թելադրելը: Այսօրվա ընթացիկ ճանապարհը տանում է շատ ավելի բացասական հետևանքների, ճանապարհը և ժամանակը շատ խնայողաբար է պետք օգտագործել, գնալով կարող է կարծրանալ հենց այն, ինչ այսօր ունենք, իսկ սա մեր հասարակության շատ մեծ զանգվածի՝ եկեղեցուց մաքրելու և հեռացնելու ճանապարհ է:











































