«Կառավարությունը ներկայացրել է երկրի շարունակական քայքայման ծրագիր, ուրիշ բան չեք ներկայացրել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում 2017թ. բյուջեի քննարկամն ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և առաջարկեց Կառավարությանը վեց ամիս չչարչարել ժողովրդին և հրաժարական տալ. «Գոնե հրաժարական տվեք, որովհետև այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է, վեց ամիս էլ մի չարչարեք, եթե հետաքրքրում է ՀԱԿ-ն այդ ծրագիրն ունի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի առաջարկին նշեց, թե ցավում է, որ ընդդիմադիր գործընկների առաջարկը՝ հրաժարական տալու մերժեցին. «Նրանք ցանկանում էին, որ մենք հրաժարական տանք, մենք մերժեցինք, և նրանք նեղացան ու նեղացած հեռացան դահլիճից»:
ՀՀԿ խմբակցության ղկավարի գնահատմամբ՝ 2017թ. բյուջեն պահպանողական և մակրոտնտեսական կայունության բյուջե է: «Եթե դուք ձեր աշխատանքի իրականացման ընթացքում չշեղվեք և մեզ հետ միասին հասնեք այդ նպատակին, մենք լուրջ հաջողությունների կհասնենք, եթե կլինեն շեղումներ, ընդդիմության հետ միասին կարժանանանք մեծամասնության քննադատությանը: Համոզված եմ՝ այս որդեգրած քաղաքականությունը կծառայի նպատակին և միահամուռ ուժերով կհասնենք մեր նպատակին»,- ասաց Վ. Բաղդասրյանը:
Նա ընդդիմադիր գործիչներին հորդորեց նկատել նաև դրականը և կողմ քվեարկել 2017թ. բյուջեին:








































