ԵՄ-ում և ԱՄՆ-ում անհանգստացած են Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի կարգավորման առաջընթացի բացակայությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համատեղ հայտարարության մեջ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Թեև հաջողվել է խուսափել բռնության կիրառմամբ հետագա հակամարտությունից՝ մենք, ինչպես նախկինում, անհանգստացած ենք, որ կառավարությունը և ընդդիմության առաջնորդները ելք չեն գտել վտանգավոր փակուղային իրավիճակից և չեն պայմանավորվել փոխադարձ վստահությունն ամրապնդող միջոցառումների շուրջ»,- նշվում է փաստաթղթում:
Քերիի և Էշթոնի խոսքերով՝ «Եգիպտոսի կառավարությունը հատուկ պատասխանատվություն է կրում այս գործընթացի մեկնարկի համար՝ իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելու նպատակով»:










































