«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
Տարեցտարի ու հետևողականորեն իշխանությունը մեզանում ոչնչացրեց ընտրություն, մրցույթ, մրցակցություն հասկացությունները: Դեմոկրատական հենք ունեցող այդ եզրույթները մնացին որպես դասագրքային ճշմարտություններ, որոնք թղթի վրա կան, իրական կյանքում՝ ոչ: Եվ խոսքը միայն ընտրությունների մասին չէ, այլ ցանկացած պրոցես, որտեղ պետք է ընտրություն կատարվի, մրցակցություն լինի, որ հաղթի ամենաարժանին:
Մինչդեռ տարիներ առաջ ի՜նչ թեժ ու կատաղի մրցույթների ու ընտրական գործընթացների էինք ականատես լինում մենք: 2005 թվին Փաստաբանների պալատն առաջին անգամ նախագահ էր ընտրում, և պայքարը մրցակիցների միջեւ այնքան թեժ էր, որ թվում էր՝ ողջ հանրապետությունը դրանով է ապրում: Անգամ տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու թաղային հեղինակություններ էին խառնվել գործին: Դաժան պայքարում մի կերպ հաղթեց Ռուբեն Սահակյանը, բայց նրա մրցակիցը՝ Ենոք Ազարյանն էլ շատ քիչ զիջեց նրան:
Հիշում եմ նաև, թե ինչպես էր Գրողների միությունը 2001-ին նախագահ ընտրում: Ճիշտ է՝ Լևոն Անանյանի հաղթանակը պայմանավորված էր նրա մրցակցին՝ Աբգար Ափինյանին չընտրելու մտայնությամբ, բայց մրցակցություն կար, թեժ կրքեր էին բորբոքվել, և բոլորը, շունչները պահած, հետևում էին ՀԳՄ համագումարին: Տարիներ անց այս նույն կառույցներում, դժվար մրցապայքարում ընտրված անձանց թեթև ձեռքով մրցակցությունն իսպառ ոչնչացվեց, և նախագահի պաշտոնը դարձավ իրենց տան աթոռի նման մի բան. ինչքան կուզեն` կպահեն, չեն ուզի՝ կտան նրան, ում հարմար կգտնեն:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:







































