ՀՀ կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները կապ չունեն պետական միջոցների հետ, նման կարծիք հայտնեց լրագրողնեի հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը:
«Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում. ԿԲ-ի կողմից կատարված որևէ կապիտալ ներդրում որևէ առնչություն չունի ՀՀ պետական բյուջեի, ԿԲ ծախսերի և եկամուտների հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերում վերջերս մամուլում իր հրաժարականի մասին հրապարակումներին, Ա. Ջավադյանը նշեց. «Այդ հարցի պատասխանը կարող եք ստանալ նրանցից, ովքեր դա պատվիրել են։ Եթե ուզում եք իմանալ՝ ով է պատվիրել, հարցրեք պատվեր կատարողներին, նրանք շատ լավ գիտեն»։
Դիտարկմանը` Բաղրամյան 26-ն է ամեն ինչ որոշում, Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Կա օրենք, օրենքի գերակայություն և մեր երկրում ամեն ինչ որոշվում է օրենքով»:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նաև մեկնաբանեց, թե որտեղից են գոյացել իր ֆինանսական միջոցները: Նշեց, որ Կենտրոնական բանկում աշխատում է 1997թ.-ից, և իր միջոցները մինչ այդ են ձևավորվել. «Ես առեւտրային բանկի սեփականատեր և տնօրեն եմ եղել, հետո բանկի իմ մասնաբաժինը վաճառել եմ, և, այո, հարստացել եմ: Ես զբաղեցրել եմ առևտրային բանկի տարբեր պաշտոններ, հետո հինգ տարի եղել եմ բանկի վարչության նախագահ, հետո 97-ին նշանակվել եմ ԿԲ խորհրդի անդամ, հետո եղել եմ ԿԲ նախագահի տեղակալ, այնուհետև ԿԲ նախագահ»:










































