Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Թորոսյանի գործի դատական քննությունը:
Ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, քրեական գործը հարուցվել էր Նոր Նորքի քննչական բաժնում 2012 թվականի հունիսի 29-ին:
Միայն օգոստոսի 7-ին որպես մեղադրյալ ներգրավվել էր 47-ամյա Անդրանիկ Թորոսյանը:
Տուժող ճանաչված աղջիկը լավ ծանոթ էր Անդրանիկին: Նա Անդրանիկի փաստացի կնոջ… 14-ամյա դուստրն էր: Անդրանիկն աղջկա հետ, ոչ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ էր ունեցել 2011 թվականի դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի գյուղերից մեկում, և 2012 թվականի հունվարի 6-ին Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ՝ Անդրանիկի վարած «Գազել» մակնիշի 58 համարի երթուղային տաքսու մեջ:
Հանցանքը բացահայտվել էր ոչ թե աղջկա կամ նրա մայրիկի բողոքով, այլ «բնության կանչով». այսպես կոչված՝ «հոր» հետ սեռական հարաբերություններ ունենալու արդյունքում աղջիկը… հղիացել էր: Բժիշկներն էլ ահազանգել էին անչափահաս աղջկա հղիության մասին:
2012 թվականի սեպտեմբերի 14-ին աղջիկն աղջիկ երեխա էր ունեցել: Նոր մայրացած անչափահասն ու նրա մայրը՝ անկախ իր կամքից «հայրացած» Անդրանիկի փաստացի կինը, հրաժարվել էին երեխայից:
Հոկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանը երեխային մանկատանը տեղավորելու եզրակացություն էր տվել:
Նոյեմբերի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրով երեխան տեղափոխվել էր Երևանի «Մանկան տուն»:
Իսկ Անդրանիկ Թորոսյանն արգելանքի տակ էր առնվել 2013 թվականի մարտի 5-ից:
Ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Թորոսյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Տուժող ճանաչված աղջիկը և նրա օրինական ներկայացուցիչ ճանաչված մայրը չեն առարկել այդ կարգի կիրառման դեմ, Անդրանիկ Թորոսյանին էլ որևէ պահանջ չեն ներկայացրել: Նրանք, ըստ երևույթին, հրաժարվել են երեխայից, բայց ոչ՝ Անդրանիկից:
Հանցավոր արարքից տուժածը իրավաբանորեն, իրոք, այդ արարքի պահին դեռ 14 տարեկան, մոր փաստացի ամուսնու ոտնձգությունից կարծես թե չվրդովված աղջիկն է: Բայց առավել իրական տուժողը նորածին երեխան է՝ հանցավոր կապի պտուղը, ով մանկատան իր կեցությամբ պետք է քավի չափահաս հոր ու տատիկի, ինչպես նաև անչափահաս մայրիկի մեղքերը:
Ընդհանուր իրավասության դատարանը Անդրանիկ Թորոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և դատապարտել 1 տարի 3 ամիս ազատազրկման:









































