Ավտովարորդները պահանջում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը կամ ոլորտի նոր հայեցակարգ, որը մշակվում է հենց նախարարությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, լիգայի անդամները և «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Դոստուրյանը:
Վերջինիս խոսքերով՝ կոլապսի մեջ է հայտնվել հասարակական տրանսպորտի ոլորտը, տաքսու ոլորտը և պատասխանատուն Տրանսպորտի և կապի նախարարությունն է, իսկ հիմնական պատասխանատուն՝ Գագիկ Բեգլարյանը: Նա պարզաբանեց, որ հասարակական տրանսպորտն աշխատում է 2001 թ. ընդունված հայեցակարգի համաձայն։ Մրցութային կերպով մասնավորներին գծեր տրամադրելու կարգն է այդ հայեցակարգով սահմանվում, բայց պետք է բոլոր գծերը տրվեն պետությանը, և հասարակական տրանսպորտը դառնա պետական: Լրագրողների բոլոր հարցադրումներին, թե ինչու պահանջ չի ուղղվում նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այդպես էլ հիմնավոր պատասխան չհնչեց:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ քաոսային իրավիճակ է ստեղծվել նաև տաքսու ոլորտում՝ դեղին, սպիտակ պետհամարանիշներ, հայ տղամարդկանց իրար դեմ են հրահրում, կարմիր գծանշված տարածքներ, տեսախցիկներ… «Կանգնես՝ պետք է վճարես, եթե չկա էլ՝ կընկնես տեսախցիկի տակ: Գծերը տվեք պետությանը»,- ասաց նա: Վերջինիս խոսքերով՝ առաջարկում են նախարարությանը մշակել հայեցակարգ, որն, ըստ նրա, պետք է Բեգլարյանը մշակի:
«Կոչ ենք անում հանձնաժողով ստեղծել, հրաժարական պահանջում ենք, բայց եթե նա կարող է ընդառաջ գալ, ես թշնամություն չեմ անի, թող մշակեն, մենք էլ կօգնենք: Օգոստոսի տասնվեցին հանրահավաք ենք անցկացնելու Էրեբունու թանգարանի տարածքի հարևանությամբ, ապա ավտոերթ՝ քաղաքապետարանի տարածքից Հրազդան ստադիոն»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլորին միանալ ավտովարորդների նախաձեռնությանը:







































