ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բավական ուրույն ճանապարհ է ընտրել ԿԲ-ում պետական գումարները խնայելու և խնայողություններ ցույց տալու համար: ԿԲ նախագահը, ով, մամուլում շրջանառվող տեղեկություններով, մոտ 4 հազար ԱՄՆ դոլարի հասնող աշխատավարձ է ստանում ԿԲ-ից, որոշել է բավական կրճատել ԿԲ ծախսերը, բայց… հավաքարարների հաշվին, ովքեր, չնայած ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններին, թե ԿԲ հավաքարարները պատգամավորներից շատ գումար են ստանում, պարզվում է` ստանում են ընդամենը մոտ 90 հազար դրամ աշխատավարձ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԲ շենքի մաքրման գործընթացը Կենտրոնական բանկը փակ մրցույթով փետրվարի 1-ից հանձնել է մասնավոր Karcher ընկերությանը: Բանկի մաքրությամբ զբաղվող 36 աշխատակիցների հետ վաղաժամ դադարեցվել են աշխատանքային պայմանագրերը, և նրանք դարձել են մասնավոր Karcher ընկերության աշխատողներ` զրկվելով պարգևավճարներից և հանգստի ու կրթության սոց.փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր պետական բանկը: Ստացվում է՝ ԿԲ ղեկավարության աչքը հավաքարարների պարգևավճարների վրա էր:
«Առաջին լրատվական»-ի հարցին` ինչո՞ւ որոշեցիք խնայել հենց այդ 36 հոգու հաշվին, ոչ թե մյուսների, և ի՞նչ եք արել այդ խնայված միջոցները, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց. «Ձեր ասած տվյալները սուտ տվյալներ են: Խնայել ենք, ծախս քիչ ենք արել»: Ա. Ջավադյանը նաև հայտարարեց, թե իրենք պետական բյուջեից գումար չեն ստանում, դրանք ԿԲ գումարներն են, որոնք ԿԲ-ն ինքն է աշխատում: Մեր դիտարկմանը, որ դա ևս պետական գումար է, ուստի ի՞նչ է եղել խնայված գումարը, ԿԲ նախագահն ասաց. «Էդ խնայողությունը չենք ծախսել: Էդ փողը չենք ծախսել»: Հետաքրքրվեցինք, թե այլ աշխատակիցներ կա՞ն, որոնց հաշվին ԿԲ-ն գումար է խնայել, Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե` կան»: Երբ հարցրեցինք` Դուք Ձեր աշխատավարձի հաշվին խնայե՞լ եք, ԿԲ նախագահն ասաց. «Մենք աշխատավարձ հինգ տարի չենք բարձրացրել ԿԲ-ում: Մենք խնայել ենք` ի տարբերություն ուրիշ պետական մարմինների»: Փաստորեն, իր բարձր աշխատավարձը ԿԲ նախագահը համեմատում է ուրիշ պետական մարմինների աշխատավարձերի հետ և համարում, որ իրենք լուրջ խնայողություն են արել: Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում ինքն իրեն պարգևավճարներից ու հանգստի և այլ փաթեթներից չի զրկել, ինչպես զրկել է այդ 36 հոգուն, ԿԲ նախագահը հայտարարեց. «Ով ա զրկել էդ 36 հոգուն: Ձեր ունեցած տվյալները սուտ են: Չեն համապատասխանում իրականությանը:…Այդ մարդիկ ճիշտ չեն ասում»:
Ինչ վերաբերում է Karcher-ի հետ գործարքին, ապա Ա. Ջավադյանը հայտարարեց, որ այժմ իրենք ավելի քիչ են վճարում մաքրության համար: «Ինչու ենք քիչ վճարում, որովհետև էդ ընկերությունը պրոֆեսիոնալ ընկերություն է: Ու ամբողջ Հայաստանում էդ պրոցեսը հիմա գնալու է: Պետք է մեզնից սովորեն բոլորը: Քիմիկատ իրանք ավելի քիչ կօգտագործեն, որովհետև իրանք դրանում պրոֆեսիոնալ են»: Նկատենք, սակայն, որ աշխատում են բանկի նախկին աշխատակիցները, որոնք երևի հիմա պետք է քիչ քիմիկատ օգտագործեն: Ի դեպ, նրանք պնդում են, որ նախկինում ավելի լավ նյութեր են օգտագործել, քան հիմա:
Ուշագրավն այն է, որ ԿԲ-ն փակ մրցույթ է հայտարարել և ընտրել Karcher-ին: Մեր հարցին` ինչո՞ւ է ԿԲ-ն փակ մրցույթ իրականացրել, եթե Karcher-ի հետ գործարքը կապ չունի փողերի լվացման կամ «ատկատի» հետ, ԿԲ-ից պատասխանել են. «Տվյալ գործարքը փողերի լվացում կամ «ատկատ» դիտարկելու վերաբերյալ նշենք, որ Կենտրոնական բանկում երբևէ չեն կիրառվել և չեն կիրառվում «ատկատի» մեխանիզմներ: Եթե Ձեզ հայտնի է այդ մասին, խնդրում ենք տեղեկացնել մեզ»: Ապա հավելել են, թե ԿԲ-ն բաց մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսել. «Կենտրոնական բանկը տարածքների մաքրման ծառայությունները «աութսորսի» ենթարկելու նպատակով ուսումնասիրել է ՀՀ-ում նման գործունեություն ծավալող մասնագիտացված ընկերությունների շուկան՝ օգտվելով բաց աղբյուրներից: Ուսումնասիրության արդյունքում զտվել են 7 ընկերություններ, որոնք մեծ տարածքների մաքրման ծառայությունների փորձ ունեն: Այս պարագայում բաց մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն չկա, այդ իսկ պատճառով անցկացվել է փակ մրցույթ: Բոլոր 7 ընկերություններին ուղարկվել են մրցութային փաթեթներ. մրցութային առաջարկություններ ներկայացրել են 5 ընկերություններ: ԿԲ մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված առաջարկները, որի արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել «Կերխեր սերվիս» ընկերությունը»:
Մեր հարցին` արդյոք նախկինում շենքի մաքրության պահպանությունը բավարար չի՞ եղել, որ ԿԲ-ն որոշել է դիմել միջնորդ կազմակերպության, ԿԲ-ից պատասխանել են. «ԿԲ-ն հետապնդել է ծառայությունների որակի բարձրացման նպատակ»: Սա այն դեպքում, երբ այժմ էլ շենքի մաքրության գործընթացն իրականացվում է նույն աշխատակիցների միջոցով:
ԿԲ-ից չէին պատասխանել, թե որքա՞ն գումար է ԿԲ-ն ծախսել մաքրության վրա նախկինում և որքան է ծախսում այժմ, երբ փաստացի առկա է միջնորդ կազմակերպություն: «Տարածքների մաքրման աշխատանքների կատարումը «Կերխեր սերվիս» ընկերությանը փոխանցելու արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի ծախսերը ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են»,- հայտարարում են ԿԲ-ից, ինչն անհավանական է, քանի որ այժմ նույն աշխատակիցներին ղեկավարում է միջնորդ կազմակերպությունը: Արդյունքում ստացվում է, որ ԿԲ-ն միջոցները խնայել է հավաքարարների պարգևավճարների ու սոց.փաթեթների հաշվին: Սա այն դեպքում, երբ հավաքարարները մոտ 10 անգամ պակաս աշխատավարձ են ստանում մյուս աշխատակիցներից: Էլ չենք խոսում ղեկավարության աշխատավարձի մասին:









































