Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցությամբ կարող ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի արձակուրդը ավարտվեց: Թեև արձակուրդի ավարտվելու այլ նշաններ առայժմ չկան: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հետ հանգստանում էր նաև Հովիկ Աբրահամյանը, որից նույնպես «քաղաքական կենդանության» նշաններ առայժմ չկան: Փոխարենը վերջին շրջանում ակտիվացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Տիգրան Սարգսյանը Տարոն Մարգարյանին նախատում էր տրանսպորտի գնի և հասարակության կարծիքը հաշվի չառնելու մեջ, իսկ երեկ էլ Տարոն Մարգարյանին առաջը գցած գնացել էր խաբված բնակիչներին և բակերում հասարակական բողոք առաջացրած շինարարություններից վրդովված քաղաքացիներին հանդիպելու, կրկին Տարոնին մեղմորեն վարկաբեկելու ենթատեքստով:
Այս իրավիճակում, նաև Երևանի գլխավոր ճարտարապետն է փոխվում՝ Նարեկ Սարգսյանին կրկին հեռացնում են քաղաքից, արդեն երկրորդ անգամ, և պետք է հուսալ, որ անվերադարձ: Նարեկ Սարգսյանը պարզապես Երևանի գլխավոր ճարտարապետ չէր, նա իշխանական համակարգի սիմվոլներից մեկն էր, որը մի քանի տարի շարունակ անարգել տեր ու տնօրենն էր Երևանի քաղաքաշինության ոլորտում, քաղաքապետից դե ֆակտո ավելի մեծ լիազորություններով, անմիջականորեն աշխատելով Ռոբերտ Քոչարյանի հետ: Հենց այդ տարիներին Երևանում արձանագրվեց, մեղմ ասած, հանրայնորեն վիճահարույց քաղաքաշինության պիկը, որը փորձ էր արվում լեգիտիմացնել երկնիշ տնտեսական աճով, աշխատատեղերով:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի արձակուրդը նշանավորվում է կարծեք թե ներհամակարգային որոշակի տեղաշարժերով: Տիգրան Սարգսյանն է խաղատախտակի վրա առաջ գալիս, իհարկե առայժմ պարզ չէ` ձիու, թե զինվորի քայլերով, կամ գուցե փղի կամ նավակի, Նարեկ Սարգսյանն է հետ գնում, ինչը առաջին հայացքից ոչ հնչեղ պաշտոն, սակայն խոսուն ֆիգուր է ներհամակարգային իմաստով: Սակայն անկասկած այս ամենը տեղի է ունենում տեղատվության և մակընթացության սկզբունքով: Առաջիկայում Սերժ Սարգսյանը անպայմանորեն կանի քայլեր, որոնք կփոխհատուցեն ներհամակարգային տեղաշարժերից դժգոհ կողմերին, հատկապես աշնանային սրացումներից խուսափելու համար:
Այս իրավիճակը պարզ բացատրություն ունի: Հասարակության և պետության առաջ ծառացած ոչ մի խնդրի շատ թե քիչ համակարգային լուծում չտալով` Սերժ Սարգսյանը ոչ մի հնարավորություն չունի լրջորեն նեղացնել ներիշխանական որևէ մի թևի: Նա ընդամենը հաշվարկում է, թե արտաքին ճակատում ունեցած խնդիրների կոնտեքստում ներիշխանական որ թևին երբ պետք է նեղել, իսկ երբ պետք է խրախուսել, որ այդ նեղելը կամ խրախուսելը հնարավորինս համահունչ լինի արտաքին ճակատում և նաև հասարակության հետ ունեցած իր խնդիրները մեղմելու համար:
Հետո բնականաբար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում իշխանության մեջ նեղվածներին` նրանց ներշնչելով, որ նեղվելով իրենք համակարգն են փրկել, ոչ թե միայն Սերժ Սարգսյանին, այսինքն` նրանց նեղելով Սերժ Սարգսյանը ոչ թե ինքն իրեն է օգնել, այլ հենց առաջին հերթին նրանց՝ նեղվողներին: Եվ քանի որ ներիշխանական թևերում, ըստ էության, բավարար ինտելեկտուալ պաշարներ չկան թե ներհասարակական, թե միջազգային իրավիճակն ու նրբությունները հասկանալու համար, նրանք բնականաբար ոչ մի բան չեն կարողանում հակադրել այդ բացատրություններին, ինչքան էլ որ շարունակեն կասկածել, որովհետև ինտելեկտի բացակայությունը կասկածներ է առաջացնում նաև սեփական քայլերի հանդեպ:








































