Փենսիլվանիա նահանգում դատարանը Հալովիչ ֆերմերների ընտանիքից 2 անչափահաս երեխաների արգելել է իրենց կյանքի ողջ ընթացքում «խոսել թերթաքարե գազի մասին»: Նման տարօրինակ պայմանն ընկած է համաձայնագրի հիմքում, որը Հալովիչները կնքել են Range Resources ընկերության հետ: Ֆերմերները կարծում են, որ թերթաքարե գազի արդյունահանումը կործանել է իրենց բիզնեսը և կարողացել են 750 հազար դոլար փոխհատուցում ստանալ:
Ընկերության գործունեության արդյունքում ֆերմերների տարածքները շրջապատվել են գազի 4 «աշտարակներով»: Ընկերությունը նաև արհեստական լճակ է փորել, որտեղ լցվում են արտադրության հեղուկ թափոնները, գրում է The Guardian-ը:
Հալովիչների ընտանիքը դատական հայց է ներկայացրել ֆերմայի շրջակայքում էկոլոգիան «ավերելու» առնչությամբ:
Ընկերությունը որոշել է պայմանավորվել ընտանիքի հետ և առաջարկել է 750 հազար դոլար՝ մինչդատական համաձայնության շրջանակներում: Range Resourcec-ի իրավաբանը, սակայն, պայման է առաջադրել, որ ընտանիքի բոլոր անդամները մինչև իրենց կյանքի վերջը չխոսեն թերթաքարե գազի մասին: Այս որոշումը տարածվել է նաև ընտանիքի երեխաների՝ 7-ամյա աղջնակի և 10-ամյա տղայի վրա։










































