«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
–Ադրբեջանի զինուժը արկակոծում է շփման գծի որոշ հատվածներում՝ հիմնականում առաջնագծի հյուսիսարևելայն (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Սա պայմանավորված է Ադրբեջանում ընթացող զորավարժություններո՞վ, թե՞ սա կարող է լայնամասշտաբ գործողությունների սկիզբ լինել:
-Մեր բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի լայնամասշտաբ գործողությունների, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո: Ես կարծում եմ այդ արկակոծումները հիմնականում կարող են պայմանավորված լինել Ադրբեջանում իրականացվող զորավարժություններով, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է զգոն լինենք, մենք միշտ պետք է զգոն լինենք և պատրաստ լինենք ցանկացած լայնամասշտաբ կամ սադրիչ գործողության:
-Պարոն Բադասյան, պատգամավորական մի խումբ վերջերս եղավ Թալիշում և վերադառնալուց հետո Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման համար սկսեցին դրահամահավաք կազմակերպել: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը:
-Նման քայլերը նորմալ եմ գնահատում: Ապրիլի 1-2-ի գիշերը Թալիշը հրետակոծվել է, և բազմաթիվ շենք-շինություններ, այդ թվում նաև մանկապարտեզն ու դպրոցը վնասվել են: Ես ողջունում եմ այդ քայլը, դրանք պետք է անպայման վերականգնվեն, որովհեև համոզված եմ, մի օր թալիշցին պետք է վերադառնա: Իսկ որպեսզի թալիշցին վերադառնա, մենք նաև պետք է դիրքերը հետ վերցնենք, և պետք է ապահովենք, որ նույն սխալը չկրկնվի, չկարողանան ներթափանցել թե՛ դիրքեր, թե՛ գյուղի մոտակայք:
-Ասում են, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, անձամբ դուք եղե՞լ եք դիրքերում:
-Թալիշում, այո՛, եղել եմ, նոր դիրքերն ամրապնդվել են, նաև գյուղ գնացող ճանապարհը նույնպես ապահովված է:
-Պարոն Բադասյան, կառավարությունը հավանություն տվեց «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» օրենքի նախագծին: Ինչպե՞ս եք դա գնահատում:
-Ես դա նորմալ եմ գնահատում, բայց պետք է դիտարկել, թե ինչ է հետապնդում տվյալ որոշման նախագիծը: Համոզված եմ, որ կան բացեր… Կա սոցիալական անարդարություն, օրինակ՝ դատախազները 400 000 դրամ թոշակ են ստանում, մի՞թե հնարավոր չէ նյութապես ապահովել նաև հաշմանդամ և զոհված զինծառայողների ընտանիքներին: Սա անհրաժեշտություն է, այս քաղաքականությունը ընդունելի է, այլ հարց է թե ինչպես պետք է այն իրականացվի: Ես չեմ ուզում քննադատել, թե ինչու պետք է ամեն մեկը 1000 դրամ տա: Եթե արդարություն լինի, կարող է մարդը կամավոր մի անգամ իր աշխատավարձի կեսը նվիրի, մի անգամ ամբողջ աշխատավարձը նվիրի, բայց մարդիկ պետք է համոզված լինեն, որ բանակի բյուջեից գողություն չի կատարվում: Գեներալների շարան կարելի է թվարկել, ովքեր իրոք թալանել են և թալանում են բանակը: Չտես գեներալներ ունենք, որ մի քանի հազար ք/մ-ոց բնակարաններ և կից շինություններ ունեն: Եթե նույնիսկ գողությունը կանխվի, թեև գիտեմ, որ չի կանխվել, շարունակվում է, դրամ ուզելը ճիշտ է, բայց արդար չէ, որովհետև գողացածը պետք է անպայման այդ մարդիկ հետ տան, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ուղղակի պետք է բանտ նստեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:





































