ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ուղիները, ուրվագծվել են հետագա գործակցության ծրագրեր:
Դեսպանը, ընդգծելով Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներկայացվածությունը տրանսպորտային ու ճանապարհաշինական ոլորտներում, հայտնել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է առաջիկայում ևս մասնակցել տրանսպորտային ոլորտի զարգացման գործընթացներին։
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրել է, որ շուտով բացվելու է «Զարգացման ֆրանսիական գործակալության» տարածաշրջանային գրասենյակը, որը հիանալի հնարավորություն է երկկողմ շփումներն ավելի սերտացնելու համար:
Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ համագործակցության մեծ հեռանկար է տեսնում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից այս ոլորտի ընկերություններին տրվող ու սպասվելիք արտոնությունները` նախարարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի տեխնոլոգիական գործարարությամբ զբաղվողների համար Հայաստանը ներդրումների գրավիչ երկիր կարող է դառնալ:
Դեսպանը, ծանոթ լինելով մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը, շեշտել է, որ այս բնագավառում երկու երկրների ներուժը շատ մեծ է:











































