ԱՄՆ-ը կրկին հայտարարում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը։ Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը։
Բաերը նշել է, որ ԱՄՆ-ին անհանգստացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի էսկալացիան։ Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ձեռնարկել է միջոցներ լարվածությունը նվազեցնելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ին Վիեննայում հանդես է եկել 3+2 ձևաչափով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ՝ այդպիսով ընդունելով, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերը կարող են օգնել հակամարտող կողմերին վերջ դնել բռնությանն ու առաջ մղել խաղաղ գործընթացը։
«Բարձր մակարդակով հանդիպումը տվեց զգալի արդյունքներ։ Կողմերը հաստատեցին հրադադարին իրենց հանձնառությունը, և իրավիճակը շփման գծում զգալիորեն կայունացավ»,- հավելել է նա։
Բաերը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է վստահության ամրապնդման և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ընդլայնման քայլերին, ինչը կարող է օգնել կայունացնել անվտանգության հետ կապված իրավիճակը և ստեղծել բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտ, բացի այդ Վաշինգտոնը բարձր է գնահատում Գերմանիայի ներկայացուցչության սերտ համագործակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
«Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունն առ այն, որ հակամարտությունը շատ երկար է ձգվում։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, հակված է աշխատել կողմերի հետ, ինչպես նշել է դեսպան Ուորլիքն այսօր առավոտյան, հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման հասնելու համար»,- հավելել է ԱՄՆ ներկայացուցիչը:










































