Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, նոյեմբերի 8-ին կայացած Կոնգրեսի ընտրություններում իր զորակցությունը ապահոված թեկնածուների 93 տոկոսը կարողացել է հաղթական դուրս գալ՝ միաժամանակ շնորհավորելով Դոնալդ Թրամփի հաղթանակը և գովաբանելով Հիլարի Քլինթոնի մղած ընտրապայքարը։ Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը նաև իր գոհունակությունն է հայտնել դաշնակցային, նահանգային և տեղական ընտրություններին ամերիկահայերի մրցանիշը հաստատած մասնակցության կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկա շաբաթներին նորընտիր գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ կապ հաստատելով՝ պետք է լույս սփռվեն ամերիկահայությանը հուզող մի շարք հարցերի վրա։
Համբարյանը ողջունել է հատկապես հայության իրավունքների ջատագով հետևյալ կոնգրեսականների հաղթանակը՝ Քրիս Վան Հոլընի, Էդ Ռոյսի, Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի, Դեյվիդ Վալատաուի և երկու հայ թեկնածուների՝ Ջեքի Սփիրի և Աննա Իշուի։ Մեկ այլ ամերիկահայ թեկնածու՝ Տենի Թարխանյանը, քվեների 1 տոկոսի տարբերությամբ չի կարողացել ընտրվել։
Իսկ Սենատում Հայ դատի զորակցությունը ապահոված 11 թեկնածուներից 7-ն է ընտրվել՝ ներառյալ Չաք Շումըրը, որ հավանաբար Սենատում կլինի փոքրամասնության ղեկավարը, որովհետև նախկին ղեկավար Հերի Ռիդը որոշել է թոշակի անցնել։ Վերընտրվել են նաև Արցախում ականազերծման աշխատանքների ջատագով Պատրիկ Լեյհինը և Ցեղասպանության ճանաչման բանաձևերին զորակցող Մարգո Ռուբիոն ու Ջոն Մաքքեյնը։
Ներկայացուցիչների պալատում Հայ դատի զորակցությունը ապահոված 122 թեկնածուներից միայն 5-ին չի հաջողվել ընտրվել։ Վերոհիշյալների կողքին Ներկայացուցիչների նոր պալատում կան ամերիկահայությանը զորակցող հետևյալ կոնգրեսականները՝ Փոլ Ռայանը (Ներկայացուցիչների պալատի ներկա խոսնակ), Նիթա Լոուին, Ադամ Սմիթը, Էլիոթ Էնգըլը, Քրիս Սմիթը, Պրետ Շըրմընը, Տանա Ռորբաքըրը, Դեյվիդ Սիսիլինը, Քերըն Պեսը, Էլըն Լոունթալը, Թեդ Տեոչը, Լոյիս Ֆրենքըլը, Ալպիո Սիրեսը, Գրեյս Մենկը և Դենիլ Տանըվընը։










































