«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները հարձակվել են աֆղանական Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ գրոհայինները պայթուցիկով լցված ավտոմեքենան ուղղել են հյուպատոսության շենք։ Պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել առնվազն 110 մարդ։ Հայտնի չէ՝ զոհերի թվում կա՞ն հյուպատոսության աշխատակիցներ։ Պայթյունից հետո Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հյուպատոսության տարածքում և այնտեղից դուրս մարտեր են ընթանում, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում գրանցվել են զոհեր։
«Թալիբանի» գրոհայինները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը՝ նշելով, որ դա դարձել է պատասխան Կունդուզում մեկ շաբաթ առաջ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված ավիահարվածներին։ Հաղորդվում է, որ Գերմանիան պատասխանատու է Աֆղանստանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության համար։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Գերմանիայի ԱԳՆ-ում արտակարգ հանդիպում է անցկացվում՝ կապված միջադեպի հետ։
Ավելի վաղ «Թալիբանը» կոչ էր արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել զորքերն Աֆղանստանից։







































