Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան խոչընդոտներ չի հարուցի Ղրիմում թուրքական բիզնես նախագծերի իրագործման համար՝ չնայած նրան, որ Թուրքիան չի ճանաչում այդ տարածաշրջանի անցումը Ռուսաստանին։
Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Ozel Yazdan Kaya Saglik ve turizm ընկերության ղեկավար Յազդան Քայան. «Ղրիմը տարածքային առումով Թուրքիային ամենամոտ գտնվող Ռուսաստանի շրջանն է։
Ես զրույցել եմ Թուրքիայի բարձրաստիճան աձնանց հետ, այդ թվում նաև նախարարների մակարդակով և նրանք ասացին, որ փնտրում են կամավորի, «խելագարի», ով ձեռնամուխ կլիներ Ղրիմի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչում Ղրիմը և այդ ուղղությամբ չեն ձեռնարկի որևէ բան, բայց եթե մեկը սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ լինի դրան, ապա նրանք խոչընդոտներ չեն հարուցի։ Ես էլ հենց այն գործարարն եմ, ով պատրաստ է աշխատել Ղրիմի հետ։
Ղրիմն ունի նախագծերում ներդրումներ անելու մեծ պոտենցիալ, ինչը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, հյուրանոցների կառուցմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը»։











































