Այսօր նախատեսված էր ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության փոխնախարար, ներկայումս մեղադրյալ Վահան Շիրխանյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, սակայն տարբեր պատճառաբանություններով լրագրողների դիմումները «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարության կողմից մերժվել են: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:
ՔԿՀ անցագրային կետում լրագրողներին ասել են, որ յուրաքանչյուր լրագրող պետք է դիմում գրի՝ դրանում նշելով, որ իրեն ու ևս տասը ԶԼՄ ներկայացուցիչների խնդրում է թույլ տալ տեսակցել ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Վ.Շիրխանյանին: Այդ դիմումները հերթով մերժվեցին, մերժման որոշման մեջ վկայակոչվում էր ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգն, ըստ որի կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս անձանց: Վերջիններիս՝ երեք չափահաս անձանց, համար էլ գտնվեց մերժման մեկ այլ պատճառաբանություն՝ ՔԿՀ ծանրաբեռնվածության պատճառով:
Լրագրողների հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կատարվածը բնորոշել է որպես աճպարարություն, որովհետև դա այսպիսի լուրջ հիմնարկին սազական գործելակերպ չէ: «Սրա միակ նպատակն է հնարավորինս խոչընդոտներ ստեղծել ձեր և պրն. Շիրխանյանի տեսակցության համար»,- ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանը նշել է, որ խնդրել էր ՔԿՀ ղեկավարությանը Վ.Շիրխանյանի հետ լրատվամիջոցների հանդիպելու օր ու ժամ սահմանել: «Կասկածի տակ չդնելով լրատվամիջոցների հետ Վ.Շիրխանյանի հանդիպման հնարավորությունը, ՔԿՀ պետը պատասխանել էր, որ օր ու ժամ ինքը չի սահմանում: Այդ դեպքում մենք մեր կողմից սահմանեցինք, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 14.00-ին դա տեղի կունենա և համապատասխան դիմումով կալանավորված պրն. Շիրխանյանը մոտ մեկ շաբաթ առաջ դիմեց ՔԿՀ պետին: Կասկածի տակ ոչ ոք չի դնում ձեր իրավունքը պրն. Շիրխանյանին տեսակցելու և պրն Շիրխանյանի իրավունքը տեսակցելու ձեզ»,- ասել է Հայկ Ալումյանը:







































