Պակիստանում դատարանը նիստը տեղափոխել է օգոստոսի 20-ին: Դատական նիստում նախատեսվում է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ներկայացնել մեղադրանք երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությանն առնչություն ունենալու մեջ՝ հայտնում է Interfax-ը:
Նախապես ծրագրվում էր նիստն անցկացնել երեքշաբթի՝ Ռավալպինդի քաղաքի դատարանում: Սակայն երկրի նախկին ղեկավարի փաստաբանները նշել են, որ Մուշարաֆը չի ցանկանում գնալ Ռավալպինդի, քանի որ վախենում է իր անվտանգության համար: Այդ մասին հայտնում է տեղական հեռուստատեսությունը:
Ներկայում Փերվեզ Մուշարաֆը տնային կալանքի տակ է՝ Իսլամաբադից ոչ հեռու իր առանձնատանը:
Պակիստանի նախկին նախագահը մեղադրվում է 3 գործով՝ Բհուտոյի սպանության, Բելուջիստան նահանգում 2006թ. ազգայնականների ղեկավար Աքբար Բուգիի սպանության ու 2007թ. արտակարգ դրության հայտարարման ու Գերագույն դատարանի դատավորների կալանավորման:










































