Ադրբեջանը 2014 թվականից հետո ևս ներդրումներ կկատարի Աֆղանստանի օպերացիայում: Այս մասին հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությանը:
Աբիևն ընդգծել է, որ իր երկրի այդ մտադրությունն արդեն ստացել է ՆԱՏՕ-ի աջակցությունը: Նրա խոսքով՝ «ջանքերի միավորումը ահաբեկչության դեմ պայքարում և համատեղ մասնակցությունը միջազգային կոալիցիայի օպերացիաներում իրենց ներդրումը կունենան ադրբեջանա-ամերիկյան համագործակցության ամրապնդման մեջ»:
Միլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջն էլ իր հերթին հայտնել է, որ մինչև 2014-ի վերջ ադրբեջանցի խաղաղապահները դուրս կբերվեն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի հետ: «Դա տեղի կունենա Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կոլեկտիվ որոշման հիման վրա»,- ասել է նա:
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Հեյգելն իր երախտագիտությունն է հայտնել գործընկերոջը Աֆղանստանում ներդրված ջանքերին աջակցելու համար: Պենտագոնի ղեկավարը Աբիևին շնորհակալություն է հայտնել նաև Աֆղանստան բեռների փոխադրման համար տարածք տրամադրելու համար:











































