Բրիտանական ապահովագրական Lloyds ընկերությունը 1 միլիոն եվրո պարգևավճար է խոստացել ցանկացած տեղեկատվության դիմաց, որը կօգնի հայտնաբերել Կաննում հուլիսի վերջին հափշտակված թանկարժեք զարդերը՝ հաղորդում է France Press-ը:
Գողությունը կատարվել է հուլիսի 28-ին՝ Կաննի Carlton հյուրանոցում, ոսկերչական զարդերի ցուցահանդեսի ժամանակ: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է Leviev ընկերությանը պատկանող զարդերով լի ճամպրուկը, ինչից հետո անհետացել է հանցագործության վայրից: Թալանի ընթացքում ոչ ոք չի տուժել:
Գրաս քաղաքի դատախազության տվյալներով՝ Կաննում հափշտակված զարդերի արժեքը կազմում է 103 մլն եվրո:
«Մինչև 1 միլիոն եվրոյի մրցանակ է առաջարկվում այն մարդուն, ով առաջինը կհաղորդի տեղեկություններ, որոնք կօգնեն գտնել թանկարժեք զարդերը»,- Lloyds ընկերության խոսքերը մեջբերում է France Press-ը:





































