2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբին ֆինանսավորողը, որին ԱԱԾ-ն տևական ժամանակ գաղտնի էր պահում, հայտնի է:
Armtimes.com-ին հաջողվել է պարզել, որ զինված խմբին և մասնավորապես խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանին ֆինանսավորել է «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Վերջինս խմբին վնասազերծելուց հետո ձերբակալվեց, կալանավորվեց, ապա մի քանի ամիս անց ազատ արձակվեց. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով, վերջինս էլ Վարդանյանի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով: Մեր հավաստի տեղեկություններով, Թոթոնջյանը 70 հազար ԱՄՆ դոլար կանխիկ տվել է Արթուր Վարդանյանին՝ հստակ իմանալով, որ այդ գումարը տալիս է զինված հեղաշրջում սկսելու համար: Հայ Անտոնը ցուցմունքներում չի հերքել, որ ինքն է խմբին ֆինանսավորել: Մեր տեղեկություններով, 70 հազար ԱՄՆ դոլարը Հայ Անտոնին տվել էին Գյումրիում ինչ-որ շենք կառուցելու համար:
ԱԱԾ քննչական վարչության պետ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ զինված հեղաշրջում իրականացնելու նպատակ հետապնդած խմբին ֆինանսավորողը հայտնի է, բնակվում և գործում է Հայաստանում: Համբարձումյանը այդպես էլ հրաժարվել էր ասել, թե ով էր այդ անձը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Նա միայն նշել էր, որ ֆինանսավորողը կալանավորված չէ: Ֆինանսավորողի՝ կալանավորված չլինելու հանգամանքը Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը տարօրինակ էր համարել: Հայր Անտոնը հիշեցնենք, ազատ էր արձակվել սույն թվականի հունվարի 28-ին, նույն ժամանակահատվածում ազատ արձակվեց նաև լրագրող Լիլիթ Թորոսյանը:
Վարդապետ Թոթոնջյանը ծանոթ է եղել նաև այս գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Մեր տեղեկություններով, նրանք ծանոթացել են 2015 թվականի ապրիլի 26-ին ՌԴ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այնուհետև կրկին հանդիպել են, որի ժամանակ էլ հայր Անտոնը պատմել է Արթուր Վարդանյանի մասին: Այսպիսով՝ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է վարդապետ Անտոն Թոթոնջյանի միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում Շիրխանյանն ու հայր Անտոնը առերեսվել են՝ ծանոթությունների ժամանակի, այդ շրջանակներում տեղի ունեցած խոսակցությունների և այդ ծանոթություններին ներկա անձանց շուրջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Թե ինչ հակասություններ են եղել իրականում, կփորձենք ճշտել Վահան Շիրխանյանից, որը պատրաստվում է վաղը հանդես գալ ասուլիսով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































