Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը դուրս կգա Իսրայելի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ստանդարտ ձևաչափից, որպեսզի «ապահովվի հրեական պետության որակական ռազմական գերակայությունը»: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Այս հայտարարությունը նա արել է ամերիկա-իսրայելական հասարակական կապերի կոմիտեում (AIPAC), որն ԱՄՆ-ում իրականացնում է Իսրայելի շահերի լոբբինգ։
Այստեղ Բարաք Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունները մնում են անսասան՝ չնայած առաջացած որոշ հակասություններին: Սակայն այս ելույթը մի փոքր տարբերվել է մայիսի 20-ին ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղականությունը ներկայացնելիս Օբամայի արտասանած ելույթից: Մասնագետները նշում են, որ ԱՄՆ նախագահը փորձում է մի փոքր մեղմել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև առաջացած լարվածությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը մերձավորարևելյան հակամարտության կարևոր նախապայման էր համարել վերադարձը 1967 թ. Սահմաններին. պատերազմից հետո Իսրայելը պաղեստինյան տարածքներում բազմաթիվ բնակավայրեր է կառուցել: Սա նշանակում է, որ այս ծրագրի իրագործման դեպքում հրեական պետությունը ստիպված է լինելու վերադարձնել այդ տարածքները: Օբամայի այս ելույթը բուռն դժգոհություններ էր առաջացրել Իսրայելում: Կտրուկ հայտարարությամբ էր հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
AIPAC-ի ելույթի ժամանակ Օբաման ասել է, որ իր դիրքորոշումը սխալ է հասկացվել: Նրա խոսքերով` ինքը նաև առաջարկում է պաղեստինցիներին և իսրայելցիներին տարածքներ փոխանակել: «Իմ առաջարկության մեջ ոչ մի նոր բան չկար»,- ասել է Օբաման: Նա շեշտել է, որ չի կարելի կարգավորումը հետաձգել, քանի որ դա վնասում է Իսրայելի անվտանգությանը. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս 10, 20, 30 տարի ձգձգել խաղաղության հաստատումը»,- եզրափակել է նա:
Իսրայելի արձագանքը համապատասխան է եղել. Իսրայելի վարչապետն ասել է, որ իրենք պատրաստ են կառուցողական համագործակցություն վարել նախագահ Օբամայի հետ, որպեսզի վերականգնվեն բանակցությունները Պաղեստինի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:











































