«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահական ընտրություններից ժամեր առաջ, անդրադառնալով նախընտրական քարոզարշավին և հարցին, թե ի վերջո ում պետք է իրենց ձայնը տան ամերիկացիները, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ բարդ ընտրություն է լինելու, յուրաքանչյուր ամերիկացի ինքը պետք է որոշի, թե ում ձայն կտա, և կարծիք հայտնեց, որ ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն Բերնի Սանդերսն էր, որը դուրս մնաց ընտրապայքարից:
«Կան երկու թեկնածուներ, որոնցից որևէ մեկի անվերապահ սատարողների թիվը քիչ է, շատերը քվեարկում են մի թեկնածուի օգտին՝ ըննդեմ մյուս թեկնածուի, և սա տխուր իրավիճակ է ստեղծել, դա թեկնածուներից ով էլ որ հաղթի, նրան ավելի ուժեղ չի դարձնելու, բայց թույլ դարձնելու մեջ մեկ այլ վտանգ կա, որ թեկնածուներից մեկը հանկարծ հաղթի, նա կարող է գտնվել առավել մեծ ազդեցության գոտիներում, քանի որ ընտրարշավը բավականին թույլ է եղել և տեսականորեն կարող է հակված լինել տարբեր լոբբիստական ճնշումների»,- նշեց Հ. Մարտիրոսյանը:
Տարիներ շարունակ հիմնականում Ցեղասպանության ճանաչման խոստումն էր, որ այս կամ այն թեկնածուին սատարելու առիթ էր հանդիսանում: Այս դեպքում, երբ չկան խոստումներ, երկու թեկնածուներն էլ հայամետ դիրքորոշումներով գրեթե հանդես չեն եկել, հայ համայնքը որևէ թեկնածուներից մեկին պե՞տք է սատարի, թե՞ ոչ, և ինչի հիման վրա պետք է սատարի. այս հարցին ի պատասխան՝ Հ. Մարտիրոսյանը նշեց, որ թեկնածուներից ոչ մեկը ընդհանրապես հանդես չի եկել հայամետ դիրքոշմամբ և դրա արդյունքում այդ առումով բզկտված, ոչ կենտրոնացված է հայ համայնքը ԱՄՆ-ում:
Հ. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հայ համայնքը իրականում երկար տարիներ կենտրոնացել է մի խնդրի վրա, որը վաղուց արդեն իրեն սպառել է, դա Ցեղասպանություն բառի արտաբերումն է նախագահի թեկնածուի կողմից, որը իրավական հետևանքներ չի առաջացնում:
«Եվ հիմա, երբ նման դիրքորոշում չի արտահայտվել, համայնքը հրաժարվում է միասնական դիրքորոշում ցուցաբերելուց: Հայկական տեսանկյունից դա անհամաչափ պահվածք է, իսկ ամերիկացիների տեսանկյունից համաչափ է:
Հայերը պետք է քվեարկեն ուղեղով, ուղեղով քվեարկելն ամենաբարդ քվեարկությունն է, դրա համար պետք է լավ ինֆորմացված լինել և լավ պատկերացնել քաղաքականությունը և թեկնածուներին, և կարողանալ լավ վերլուծել: Ոչ միայն հայ համայնքը, այլ ընդհանրապես ամերիկացիների մի ստվար զանգված այս ընտրություններում չի կարողանում հստակ կողմնորոշվել»,- ընդգծեց Հայկ Մարտիրոսյանը:
Մանարմասները՝ տեսանյութում:




































