Եգիպտոսի ժամանակավոր նախագահի՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերով խորհրդական Ահմեդ Ալ-Մուսլիմանեն հայտնել է, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում նախարարական պաշտոններ առաջարկել «Մուսուլման եղբայրներին»: Նա նաև հերքել է տարածված տեղեկությունը՝ իսլամիստների հանրահավաքների դադարեցման դիմաց քննության տակ գտնվող կազմակերպության առաջնորդների հնարավոր ազատ արձակման մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչներին, հայտնել էր, որ բանակն ու երկրի կառավարությունը իսլամիստներին կառաջարկեն մի շարք փոխզիջումային որոշումներ, որոնք կնպաստեն ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանը:
Մասնավորապես, գործակալությունը հայտնել էր, որ իշխանությունները ծրագրում են ազատ արձակել «Մուսուլման եղբայրների» մի շարք առաջնորդների, սառեցնել նրանց արգելափակված ակտիվներն ու շարժման ներկայացուցիչներին նախարարական երեք պորտֆելներ առաջարկել:
Ալ Մուսլիմանեն նշել է, որ Reuters-ի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նաև հայտնել է, որ Եգիպտոսի կառավարությունը մտադիր չէ հանրաքվեի դնել նախկինում ընդունված անցումային շրջանի «ճանապարհային քարտեզը» կամ դրանում փոփոխություն կատարել: Իսլամիստների հետ որևէ գործարքի հնարավորությունը հերքել է նաև զինվորական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ալին:









































