Սիրիայում քաղաքական կարգավորման հարցում անհնար է առաջընթացի հասնել, քանի դեռ ահաբեկչությունը չի ջախջախվել։ Այս մասին Դամասկոսում կիրակի «լեյլատուր-կադրի» («կանխորոշման գիշերը») առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, նախագահի խոսքերով՝ ահաբեկիչների հետ որևէ գործարքի հնարավորությունը բացառված է:
«Եթե մենք հաղթանակի հասնենք ահաբեկչության դեմ այս համաժողովրդական պատերազմում, ապա այդ ժամանակ ելք գտնելը հեշտ կլինի, և Սիրիան կկարողանա հաղթահարել ճգնաժամը մի քան ամսվա ընթացքում»,- ասել է նա: Ասադն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է անձամբ սիրիացիների ձեռքում:
Ասադը նաև նշել է, որ այն ամենից, ինչ տեղի է ունենում Սիրիայում, շահում է միայն մեկ կողմ՝ Իսրայելը:











































