Բանկոգում մոտ 4 հազար ցուցարարներ դեմ են Թաիլանդի խորհրդարանի՝ համաներման մասին օրենքի ընդունմանը:
Միջոցառումը կազմակերպել է, այսպես կոչված, «Ժողովրդական բանակը», որը միավորում է տարբեր հակակառավարական քաղաքական ուժերի: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Լյումպինի այգու մերձակայքում և մտադիր են այնտեղ մնալ 3 օր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Թաիլանդի մայրաքաղաքի ոստիկանությանը:
Ցուցարարների կարծիքով՝ այդ օրենքը կդառնա նախկին վարչապետ Թաքսին Չինավատի վերադարձի առաջին քայլը: Վերջինս 2006թ.-ին ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվեց, իսկ հետո դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
«Պիա Թայ» իշխող կուսակցության կողմից առաջարկված օրինագիծը, որը խորհրդարանում կքննարկվի օգոստոսի 7-ին, ենթադրում է, որ Թաքսին Չինավատի կողմնակիցների և հակառակորդների միջև փողոցային բախումների ժամանակ ձերբակալվածները կալանքից կազատվեն: Նշենք, որ այդ բախումները տեղի են ունեցել 2006թ.-ի սեպտեմբերից մինչև 2012թ.-ի մայիս:
Բանկոգի 3 թաղամասերում օգոստոսի 1-10-ը գործում է բարձրագույն անվտանգության ռեժիմը: Խիստ վերահսկողության տակ են խորհրդարանի շենքը և դրան հարակից տարածքը: Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիաները դեռևս խաղաղ բնույթ են կրում:







































