Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, պարտքեր է թողել մարզում: Հակոբյանը հայտարարել է, որ շուտով Սյունիքի զարգացման հիմնադրամ կստեղծվի, որն էլ կփորձի մարել այդ պարտքերը: Եթե երկու տարի շարունակ Հայաստանը կենտրոնական կառավարման մասով ապրել է պարտքերով, ապա որևէ զարմանալի բան չկա, որ պարտքերով պետք է ապրեին նաև մարզերը:
Եվ որևէ կասկած չկա, որ այդ վիճակն է լինելու ոչ միայն Սյունիքում, այլ նաև մյուս բոլոր մարզերում: Հայաստանն ապրել է պարտքով և արտաքին պարտքը դրա հետևանքով է, որը շատ շուտով կգերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Ամենաուշագրավն այն է, որ մարդիկ, ովքեր Հայաստանը գցել են ահռելի պարտքերի տակ, հեռանում են այնպիսի հուզական ճառերով, կարծես Հայաստանն է իրենց պարտք մնացել: Չկա բացարձակ որևէ պատասխանատվություն այն բանի համար, որ նրանք Հայաստանը թողել են պարտքի տակ` ահռելի ֆինանսական բեռի տակ են թողել Հայաստանի քաղաքացիներին:
Տվյալ պարագայում խոսքը միայն Սուրիկ Խաչատրյանի, կամ Հովիկ Աբրահամյանի մասին չէ, կամ հսկայական ծախսերով այսպես կոչված ուսումնական, իսկ իրականում ՊԵԿ ժամանցային կենտրոն կառուցած Գագիկ Խաչատրյանի, կամ Հյուսիս-հարավը չկառուցած Գագիկ Բեգլարյանի մասին: Այդ առումով, Հայաստանի ամբողջ իշխանությունն է պատասխանատու պետական պարտքի, պարտքով ապրելու համար, սկսած այն առաջին դեմքից, որը քաղաքացիներին խորհուրդ էր տալիս հարևանից պարտք վերցնել ապրելու համար: Եվ առնվազն տարօրինակ է, որ այդ խորհուրդը տվող գործիչը այժմ գուժում է, ահազանգ կամ տագնապ է հնչեցնում, թե Հայաստանը դեֆոլտի շեմին է:
Հայաստանի պարտքը իշխանության դեֆոլտն է, իշխանական մտածողության, Հայաստանի «էլիտայի» դեֆոլտը: Այդ «էլիտայի» սնանկությունը Հայաստանը հասցրել է պարտքի ահռելի չափերի, միաժամանակ Հայաստանը զրկել է պատասխանատվության որևէ մեխանիզմից, որը կսահմանափակեր իշխող համակարգի, «էլիտայի» պարտատենչությունը և կստիպեր մտածել Հայաստանում որևէ բան ստեղծելու մասին:
Տոտալ անպատասխանատվությունը Հայաստանի ներիշխանական համակարգի «ազգային համաձայնությունն» է, և այդ տեսանկյունից Հայաստանում «ազգային համաձայնության» իշխանություն է միշտ, ազգը կամ հասարակությունը պարտքի տակ գցելու համաձայնության: Եվ այն, որ ներկայումս ըստ էության չի դրվում պարտքի համար որևէ բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանատվության խնդիր, նաև ինչ որ իմաստով տագնապալի ազդակ է, որ ներկայիս կառավարությունն էլ համենայն դեպս իր համար երաշխիք է ապահովում, ծայրահեղ դեպքում պարտքի օգնությանը դիմելու համար: Դա է Հայաստանի իշխանության կախարդական փայտիկը:






































