Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն վերստին երկբևեռ է դարձնում քաղաքական դաշտը և սպառնում ընդդիմադիր դաշտի մարգինալացմամբ: Այս երևույթը շատ է դիտարկվում ներքին կոնտեքստում:
Սակայն այստեղ առաջանում է ոչ պակաս կարևոր արտաքին կոնտեքստը: Այնպես, ինչպես ոչ իշխանական բևեռի գործունեության շրջանում, երբ ՀՀԿ-ԲՀԿ ներքին սուր մրցակցությունն արտաքին ոլորտում արտահայտվում էր տրամագծորեն հակառակ կերպով, և այդ բևեռը իշխանության ընդդիմախոս էր միայն ավելի շատ ռուսական կողմնորոշման համար մրցակցության մեջ:
Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը, հատկապես ներքաղաքական դաշտում դրա արտահայտվածության մասով, ոչ միայն չի նվազել, այլև ապրիլյան պատերազմից հետո էլ ավելի հրատապ և պահանջված է դարձել: Եվ այս իրավիճակում նոր հեռանկարի փոխարեն Հայաստանը փաստորեն ստանում է հնի կրկնության հեռանկարը:
Այս հանգամանքը կամ բաղադրիչը, սակայն, չի արժանանում լայն ուշադրության: Ընդ որում, այստեղ իրավիճակը նաև քաղաքական ուժերի բացթողումն է, քանի որ նրանք ապրիլյան պատերազմից հետո չկարողացան արտաքին քաղաքական խնդիրները դարձնել օրակարգային ներքաղաքական ասպարեզում: Դա այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ այդ պատերազմը գործնականում ուներ հենց այդ դաշտում ընկած պատճառներ, և հետևանքներն են, որ ներքին կառավարման դաշտում էին:
Ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը կենտրոնացավ հենց ներքին խնդիրների վրա՝ տեսնելով պատերազմի ծանր հետևանքները մարդկային, նաև տարածքային կորստի առումով, երբ հայկական զինված ուժերը ուղղակի մարդկային սխրանքի գնով կարողացան փոխհատուցել կառավարման անարդյունավետության նյութատեխնիկական հետևանքներն ու թույլ չտալ, որ պատերազմն ավարտվի Ադրբեջանի հաղթանակով: Քաղաքական սուբյեկտներն էլ հասարակությանն այդ հարցում ցուցաբերեցին «մեծ աջակցություն»:
Իսկ ահա այն հարցում, որտեղ քաղաքական ուժերն իրենք պետք է նախանձախնդիր լինեին հանրության ուշադրությունը բևեռելու առումով, նրանք գործնականում մնացին պասիվության մեջ՝ ամեն մեկը իր մոտիվներն ունենալով, սակայն ընդհանուր առմամբ գերադասելով չմտնել մի դաշտ, որտեղ աղաղակող կերպով դրսևորվել էր այն, թե ինչ վտանգավոր հետևանքներ են ունեցել Հայաստանի համար 2013 թվականի սեպտեմբերի 3-ն ու դրան հաջորդող զարգացումները:
Իսկ այդ ամենը տեղի է ունեցել նաև հենց այն երկբևեռ իրականության պայմաններում, երբ Հայաստանում ըստ էության փակվել էր արտաքին քաղաքականության շուրջ որևէ քաղաքական բանավեճ: Այդ բանավեճը սկզբունքորեն չբացվեց նաև ապրիլյան պատերազմից հետո, համենայնդեպս՝ այն ծավալներով, որոնք թույլ կտային ակնկալել այդ հարցում որակապես նոր իրավիճակ:
Թույլ հույս կար, որ այն կարող է բացվել նախընտրական փուլում, սակայն Ծառուկյանի վերադարձով երկբևեռ ֆորմատի վերականգնումը կարող է ցրել նաև այդ հույսը:











































