Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուիլյամ Բերնսի հետ Կահիրեում հանդիպման ժամանակ հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության՝ ճգնաժամային վիճակից դուրս գալու համար, սակայն ոչ թե Եգիպտոսի ռազմական ներկայացուցիչների կամ նախագահի, այլ՝ երկրի քաղաքական ուժերի հետ:
«Ազգային կոալիցիայի պատվիրակությունը տեղեկացրել է ամերիկացի հանձնակատարին, որ մենք չենք մերժում երկխոսության գաղափարը և բոլոր քաղաքական ուժերին երկխոսության կոչ ենք անում՝ ճգնաժամից դուրս գալու համար: Սակայն դա չի լինի երկխոսություն բանակի կամ նախագահի հետ, որը հեղաշրջում է ներկայացնում, այն կլինի երկխոսություն բոլոր ուժերի և քաղաքական կուսակցությունների հետ»,- հաղորդում է եգիպտական մամուլը՝ վկայակոչելով Ազգայի կոալիցիայի ներկայացուցչի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Թարիք էլ-Մալաթի:
Էլ-Մալաթը նշել է, որ իսլամիստները պատրաստ են հաշտվել Մուհամմեդ Մուրսիի հրաժարականի հետ՝ պայմանով, որ քաղաքական ասպարեզից կհեռանա նաև պաշտպանության նախարար, առաջին փոխվարչապետ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին: «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին և ԵՄ-ին երկրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու համար, սակայն Եգիպտոսի ներքին գործերում օտարերկրացիների խառնվելն անթույլատրելի է: Հանրապետությունում ճգնաժամը կհարթվի միայն նրա բոլոր կողմերի երկխոսության ճանապարհով»,- ասել է նա:







































