Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում կարծես թե ընդունված է, որ եթե միջազգային հանրությունը` գերտերությունները կամ միջազգային կազմակերպությունները, որևէ ճնշում են բանեցնում Հայաստանի վրա, ապա դրա նպատակը կամ թիրախը Ղարաբաղի հարցում զիջում կորզելն է:
Այլ հարց է, իհարկե, թե ի՞նչն ենք համարում միջազգային հանրության ճնշում, իսկ ինչը` ոչ: Դա այլ խոսակցության նյութ է: Սակայն կարծես թե տարածված է, որ եթե կա ճնշում, ապա դրա թիրախը Ղարաբաղի խնդիրն է, այդ հարցում Հայաստանի իշխանությունից զիջում կորզելը: Սակայն, մյուս կողմից, արդյո՞ք Հայաստանի իշխանության վրա միջազգային ճնշումը, ինչը թերևս ակնհայտորեն առկա է և ուժգնանալու միտում ունի, կարող է պայմանավորված լինել միայն Ղարաբաղի հարցով, և չի կարող լինել այդօրինակ ճնշման այլ թիրախ, այլ նպատակակետ: Դա մի հարց է, որին Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները կարծես թե այդքան էլ ուշադրություն չեն դարձրել ու դարձնում:
Իհարկե, Ղարաբաղի հանգամանքը կա: Բայց արդյո՞ք այն միակն է կամ գլխավորը: Այդ հարցի պատասխանը, թերևս, այնքան էլ անկարևոր չէ, քանի որ հնարավոր տարբերակների բազմազանությունը, իհարկե, հիմնավոր տարբերակների, կօգնի Հայաստանի հանրությանը շատ ավելի լավ պատկերացնել իրավիճակն ու անել դրանից բխող համարժեք հետևություններ, որոնք այնքան օգտակար կարող են լինել առաջիկա ընտրական շրջանին հանրային պատրաստվածության տեսանկյունից:
Այդ առումով բավական էական հանգամանք է այն, որ Հայաստանը կամաց-կամաց թևակոխում է ընտրական ցիկլ, նախընտրական մթնոլորտ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ցանկացած համապետական ընտրության հարցում դրսևորվում է, ընդ որում, բավական ակտիվ և գուցե բավական վճռորոշ իմաստով, միջազգային կառույցների և գերտերությունների շահագրգռությունը: Երևի շատ մարդկանց զարմացրած չեմ լինի ենթադրելով, որ Հայաստանի ցանկացած համապետական ընտրության ելք իր վրա կրում է գերտերությունների և միջազգային կառույցների ազդեցությունը, ինչի չափն էլ, օրինակ, թերևս կանխորոշում է ընտրությանը այդ երկրների և կառույցների տված գնահատականի աստիճանը, արձագանքի բովանդակությունը:
Հետևաբար առաջիկա խորհրդարանի ընտրական ցիկլին ընդառաջ գերտերություններն ու միջազգային կառույցները, որոնք, իհարկե, առավելապես արտահայտում են այս կամ այն գերտերության կամ լավագույն դեպքում մի քանի գերտերությունների հավաքական, համաձայնեցված շահը, կարող են փորձել Հայաստանում ձևավորել ազդեցության բազա: Այդ ազդեցության բազայի վրա էլ նրանք հետագայում կարող են կառուցել իրենց նախընտրական «մարտավարությունը»` ձգտելով, որպեսզի խորհրդարանի ընտրության ցիկլի արդյունքը առավելագույնս համապատասխանի հենց իրենց շահին, ոչ թե ասենք` հակառակորդ, մրցակից գերտերության կամ տերության:
Այդպիսով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի իշխանության վրա ուժգնացող միջազգային տարատեսակ և տարաբնույթ ճնշումների թիրախը, հասցեատերը լինի ոչ միայն Ղարաբաղի հարցը կամ գուցե ավելին` ոչ այնքան Ղարաբաղի հարցը, որքան Հայաստանի ներքաղաքական դասավորության հարցում ազդեցություն ձեռք բերելու հեռանկարը:
Ի վերջո, Ղարաբաղի հարցն, անշուշտ, ունի շատ կարևոր տարածաշրջանային նշանակություն, նույնիսկ աշխարհաքաղաքական շատ կարևոր նշանակություն: Սակայն հենց այդ փաստն էլ վկայում է, որ այն շարունակելու է լուրջ կռվան լինել աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համար: Այս հանգրվանում գրեթե անհնար է պատկերացնել, որ այդ երկրները կարող են համաձայնության գալ նույնիսկ մարտավարական հարցերի շուրջ, էլ չասած ռազմավարական խնդիրները, որոնց շուրջ անհամաձայնություններն են էլ ի վերջո լինելու են գերակա թե՛ միմյանց հանդեպ հարաբերության մեջ, թե՛ աշխարհաքաղաքական հարցերում:
Իսկ Ղարաբաղի հարցը ռազմավարական հարց է, որի լուծումը տեղի է ունենալու ոչ թե ինչ-որ մի քաղաքի ինչ-որ մի դահլիճում, այլ թերևս ժամանակի մեջ` բազմաբնույթ տնտեսա-քաղաքական, մշակութա-քաղաքակրթական գործոնների հանրագումարի արդյունքում: Այսինքն` լուծում են պարտադրելու ոչ թե գերտերությունները, այլ ժամանակն է իր լուծումները գերտերություններին պարտադրելու: Իսկ դա նշանակում է, որ նրանց համար ներկայումս առավել կարևոր են դառնում այն միջավայրերը, որոնցով կամ որոնցում անցնելու է այդ ժամանակը:
Դրանցից մեկն էլ հենց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտն է, որը կանգնում է նոր «քարտեզագրման» հեռանկարի, այսինքն` խորհրդարանի նոր ընտրության առաջ: Աշխարհի, այսպես ասած, հզորների հաշվարկը շատ պարզ է. որքան նրանք` ամեն մեկն, իհարկե, իր շահի հաշվարկով, ներգրավված լինեն և ազդեցություն ունենան այն միջավայրերում, որոնցով անցնելու է ռազմավարական կարևորագույն խնդրի լուծում բերող ժամանակը, այդքան կշահեն այդ ժամանակի ընթացքից: Իսկ այդ հարցում ակնհայտ է, որ որոշիչ նշանակություն կարող է ունենալ այն, թե տվյալ միջավայրի հասարակական-քաղաքական քարտեզում որքա՞ն է այս կամ այն գերտերության նախընտրած գույնը:











































