ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ՀԴԲ-ին կոչ է արել նոր տեղեկություն հրապարակել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության մասին, որի հետ կապված՝ գերատեսչությունը վերսկսել է հետաքննությունն այդ գործով: Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ Հիլարին իրավացի է»,- ասել է Բայդենը: «Պարզապես հրապարակեք էլեկտրոնային նամակները,- ասել է նա՝ դիմելով ՀԴԲ-ին:- Որպեսզի ողջ աշխարհը տեսնի՝ ինչ կա դրանցում»: Ըստ Բայդենի՝ ՀԴԲ-ի տրամադրության տակ գտնվող նամակների հրապարակումը, որոնց հետ կապված՝ վերսկսվել է հետաքննությունը, «չի վնասի հետաքննության շահերին»:
Ուրբաթ հայտնի դարձավ, որ ՀԴԲ-ն վերադարձել է ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ Քլինթոնի կողմից անձնական փոստը ծառայողական նամակագրության համար օգտագործելու շուրջ աղմկոտ սկանդալին: Նախորդ այդպիսի հետաքննությունն ամռանն էր ավարտվել: Հուլիսին ՀԴԲ-ն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էին, որ Քլինթոնը պատասխանատվության չի ենթարկվի մասնավոր սերվերն աշխատանքային նամակագրության նպատակով օգտագործելու համար:












































