Իրանի հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեհին մայիսի 21-ին հայտարարել է, որ Իրանում բացահայտվել է ամերիկյան լրտեսների խումբ: Նրա խոսքերով, ձերբակալվել է 30 մարդ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մոսլեհին ասել է, որ այդ խմբի չեզոքացումը հնարավոր է դարձել հսկայական աշխատանքի շնորհիվ, որն իրականացրել են Իրանի հետախուզության և հակահետախուզության աշխատակիցները: Մոսլեհին ավելացրել է, որ խմբի աշխատանքներն ԱՄՆ-ից ղեկավարել է Կենտրոնական հետախուզական վարչությունը:
Associated Press գործակալությունը մանրամասնում է, որ իրանցիների պնդմամբ, լրտեսների հավաքագրմամբ զբաղվել են ԱՄՆ դեսպանատները Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալայզիայում և Թուրքիայում: Այս խումբն, իբր, հետևել է համալսարաններին, գիտահետազոտական աշխատանքներին և միջուկային օբյեկտներին:











































