Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանն ընդունել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դեմ «Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» ներկայացրած հայցը։
Լեյբորիստները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Բիձինա Իվանիշվիլուն՝ «Ռուսական վարկ» բանկի միջոցների հաշվին Անգոլա զենքի մատակարարումները ֆինանսավորելու համար։
Ընդգծվում է, որ այդ բանկն Իվանիշվիլուն պատկանել է մինչև 2012 թվականի մայիսը։ Հայցում նշված է, որ Իվանիշվիլին 1993-1998 թվականներին ապահովել է ռուսական արտադրության 790 միլիոն դոլարի զենքի մատակարարումները Ֆրանսիայից Անգոլա, ուր այդ ժամանակ ընթանում էր քաղաքացիական պատերազմ և արգելված էր զենքի ներկրումը։
2015 թվականին տվյալ գործով ձերբակալվել էր Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Իվանիշվիլու բիզնես գործընկեր Արկադի Գայդամակը։ Հետագայում հնչեղություն ստացած այդ գործը ստացավ «Անգոլագեյթ» անվանումը։
Ֆրանսիական դատարանը 2009 թվականին Արկադի Գայդամակին հեռակա կարգով դատապարտել է մինչև 6 տարվա ազատազրկման՝ Անգոլա զենքի ապօրինի մատակարարումների համար։ 2011 թվականին Վերաքննիչ դատարանը այդ պատժաժամկետը կրճատել էր մինչև 3 տարվա։ Գայդամակը Ֆրանսիայի իշխանություններին հանձնվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ համագործակցության համար։






































