«Ռուսաստանն» ու «Պուտինը» դարձել են ամենից հաճախ հիշատակված բառերն ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի դեբատների երեք փուլերի ընթացքում։ ԴԱԻՇ-ը երկրորդ տեղում է՝ հայտնում է WikiLeaks պորտալը։
Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ դեբատների ժամանակ թեկնածուները «Ռուսաստան» և «Պուտին» բառերը հիշատակել են 178 անգամ, մինչդեռ «ԴԱԻՇ», «ահաբեկչություն» և «Ալ-Քաիդա» բառերն արտասանվել են 132 անգամ։ Երրորդ տեղում «հարկերն» են՝ 119 հիշատակմամբ։
Ամենից շատ արծարծված թեմաներ են դարձել նաև Սիրիան, Իրանը, ներգաղթյալները, Չինաստանն ու ցանցահենային հարձակումները։ Ամենից քիչ ուշադրություն է դարձվել աբորտների, կրթության ու ռասիզմի խնդիրներին՝ համապատասխանաբար 17, 18 և 20 հիշատակում։
Դեբատների վերջին փուլը կայացել է հոկտեմբերի 19-ին։ Դեբատներն ամենակոշտն են դարձել ԱՄՆ նորագույն պատմության մեջ։ Երեք փուլերի ընթացքում թեկնածուները կոշտ քննադատության են ենթարկել միմյանց։ Մասնավորապես, դեբատների երկրորդ փուլում Թրամփը հայտարարել է, որ իր իշխանության դեպքում Քլինթոնը բանտ կնստի։








































