2014-2016թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է 20 վճիռ: Մասնավորապես, 2014 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ «եթե հաշվում ենք, թե ամեն 100.000 կամ 10.000 բնակչի հաշվով քանի գանգատ է ներկայացվում, կամ քանի վճիռ է կայացվում, պարիտետը պահում ենք»:
-Եթե զուտ քանակով նայենք, ապա կան երկրներ, որից 4-ը՝ Ռուսաստան, Թուրքիա, Իտալիա, Ռումինիա, որոնց բաժնեհաշվում առկա վճիռները մեծ մաս են կազմում, այսինքն՝ Ռուսաստանին բաժին ընկնող վճիռները Հայաստանի հետ չես համեմատ. մոտավորապես երկու տարի առաջ Հայաստանի դեմ եղել է մոտ 900 գանգատ, Ռուսաստանի դեմ՝ 27.000: Նման հսկայական տարբերություն կա, սակայն բնակչության թվի համեմատ բոլոր պետություններում 1000 բնակչին բաժին է ընկել 0.30-32:
–Կան պնդումներ, որ անօրինական վճիռ կայացրած դատավորն ինքը պետք է վճարի ՄԻԵԴ-ի սահմանած տուգանքը, ոչ թե պաշտոնյաների ապօրինությունների համար պետությունը:
-Դա ասում են մարդիկ, որոնք ոլորտի մասնագետ չեն, դա ընդունված տարբերակ չէ և լրջորեն կազդի դատական իշխանության անկախության վրա, իսկ արդյունքում կտուժի հանրությունը: ՄԻԵԴ վճիռների մեծ մասում մենք գործ ունենք կամ համակարգային թերության հետ, այսինքն՝ օրենսդրական բացի, կամ գործ ունենք մի բանի հետ, երբ իրավունքի ընկալումն անմիջապես չի գալիս, դա փաստաթղթի ընդունումով դեռ չի գալիս, որ դատավորն անմիջապես իրավունքը կիրառի, այնպես, ինչպես ՄԻԵԴ-ն է ցանկանում:
Օրինակ խափանման միջոցի հետ կապված 2002-ին ընդունել են կոնվենցիան, բայց չի նշանակում, որ անմիջապես Եվրոպական դատարանի որոշ ստանդարտներ հնարավոր կլինի կիրառել, ժամանակ է պետք մինչև տեղում արմատական փոփոխություններ արվեն, մինչև նորը կարողանան ընկալել և կիրառել՝ սկսած փաստաբաններից, քննիչներից վերջացրած դատավորներով: Շատ դատական ավանդույթներ կիրառվում են տարիների ընթացքում և մինչև նորը գալիս է, տևում է տարիներ:
Եվս մեկ օրինակ. 2007-ին մենք ունեինք դատական ակտ, երբ դատավորին դատաքննության փուլում փաստաբանը միջնորդել էր՝ ասելով, որ հիմնավոր կասկած չկա, հետևաբար ազատ արձակեք, իսկ դատավորը պատասխանել էր՝ մենք մեղքի, կասկածի մասին հարց չենք քննարկում, մենք կարող ենք միայն կալանքի հիմքեր քննարկել: Դա 2007-ին էր, այսօր մեր դատավորներն այլևս նման բան չեն ասի, որովհետև Վճռաբեկ դատարանը նախադեպեր է ընդունել և այդ հարցը շտկվել է, բայց սրա համար տարիներ է պետք:
-«Սասնա ծռերի» գործով ըստ Ձեզ՝ ինչ կոպիտ սխալներ են թույլ տրվել այս պահի դրությամբ:
-Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։ Սրանից հետո պայմանները բարելավվեցին, այսինքն՝ մարդու իրավունքների խախտումը վերացվեց: Իսկ թե քրեական գործով կուղարկվի գանգատ, թե՞ ոչ, դեռ պիտի սպասել բնականաբար:
–Նրանց նկատմամբ համաներման կիրառման հիմքերի մասով ի՞նչ կասեք, առհասարակ համաներման ինստիտուտի:
-Ես կարող եմ իմ ընդհանուր կարծիքն ասել. մեր երկրում չափազանց հաճախ է կիրառվում համաներումը, չի կարելի այդքան հաճախ: Կարելի է 10 տարին մեկ կիրառել, մեզ մոտ 3 տարին մեկ է կիրառվում:
– Գուցե այս ձևով փորձում են ՔԿՀ-ների բեռնաթափման խնդիր լուծել:
-Չի կարելի համաներումը կիրառել բեռնաթափման նպատակով, դա իրավաչափ նպատակ չէ:
–Թեմայից շեղվենք. Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ես հիշում եմ, որ Հրանտ Դինքը դեմ էր սրան՝ համարելով այն խոսքի ազատության դեմ քայլ: Ավելին նա ասել էր, որ «Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայի կողմից քրեականացնող օրենք ընդունելու դեպքում ինքն առաջինը կմեկնի այդ երկիր և կհերքի ցեղասպանությունը»:
-Արտահայտվելու, պատմական փաստը հերքելու համար անձին դատապարտելն ինքնին խոսքի ազատությանը միջամտություն է, այն էլ բանտարկությամբ:
Հարցը նրանում է՝ Ցեղասպանությունը հերքելու ուղղությամբ արտահայտվելու եղանա՞կ է, թե՞ ոչ: Ֆրանսիական օրենքը պետք է համեմատել Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշման հետ, այսինքն՝ առնվազն բանտարկություն չպետք է նախատեսվի, սանկցիաները պետք է լինեն համաչափ:
Ես, իհարկե, պետք է ծանոթանամ օրենքին, նոր ասեմ՝ դա կհամապատասխանի՞ եվրոպական չափանիշներին, թե՞ ոչ:
Կրկնում եմ՝ քրեականացնող օրենքը խոսքի ազատությանը միջամտություն է, բայց իրավաչափ է, եթե վերաբերում է Ցեղասպանությունը հերքելուն, ՀՀ-ում էլ Ցեղասպանությունը հերքելը քրեականացված է: Ամբողջ հարցը նրանում է, թե Եվրոպական դատարանը 1915-ի դեպքերը Ցեղասպանություն կհամարի, թե՞ ոչ: Կամ եթե չի համարում, բայց եթե որևէ մեկը հերքում է դա, հերքում է որպես պատմական փա՞ստ, թե՞ ժխտողականության նպատակով: Եթե դա արվում է ժխտողականության նպատակով, ապա հարցը տարվում է խտրականության դաշտ, որն առնչվում է ռասիզմի հետ:







































