Հասարակության ներսում տեղի ունեցող փոփոխությունների, քաղաքական զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր Գաբրիելյանի հետ:
Կառավարության փոփոխության բացակայությունը կամաց – կամաց ստեղծեց այնպիսի իրադրություն, որ ժողովրդի մի մասը դադարեց վստահել, որ այդ ապահովությունն իմաստ ունի:
«Հենց որ առաջանում են զինված խմբեր, առաջանում են ինքնիշխան անձինք, որոնք իրենց ֆիդայի են անվանում և փորձում են ինչ-որ արարքներ կատարել, ուրեմն անիշխանությունը, բռնությունը հասարակության մեջ զարգացման վրա է գտնվում, և դա էր հուլիսյան դեպքերի ցուցիչը:
Հուլիսյան իրադարձությունները չէին կարող դառնալ լուրջ փոփոխությունների հիմք, որովհետև երբևէ, նույնիսկ ամենալավ նպատականերով, տեռորիզմի, շանտաժի նշույլ ունեցող գործողությունը չի կարող բերել լավ փոփոխությունների: Նույնիսկ եթե հաջող հեղափոխություն է լինում, մոտակա ժամանակներում դա չի բերում լավ արդյունքների, բերում է ավելի շատ բռնության»,- նշեց Գևորգ Տեր- Գաբրիելյանը:
Նրա դիտարկմամբ՝ կառավարության փոփոխություններով չեն փոխվում խաղի կանոնները. «Նույնիսկ եթե որոշ չափով փոխվեն խաղի կանոնները, ասենք՝ ավելի քիչ կոռուպցիա լինի կամ կոռումպացվածներն այդքան իրավունքներ չունենան, միևնույն է, ավելի մեծ մակարդակի խաղը՝ իր տեսակի վերարտադրության խաղը մնում է անփոփոխ»:
Տեր- Գաբրիելյանի կարծիքով՝ վստահության պակաս, իհարկե, կա. «Բայց երբ գնում ես մենեջմենթային փոփոխությունների, պետք է հասկանալ, արդյոք հասարակությունն ունի՞ ճիշտ ընկալումներ, թե ինչ է ինքն ուզում և դեպի որ ուղղություն է գնում: Դա շատ բարդ հարց է, բազմիցս պարզվել է, որ հանրությունը սխալ է: Հանրության մեծամասնությունը կցանկանար, որ լինի մի բարի թագավոր, բոլորին փող տա, և ապրեն, բայց դա երբևէ չի լինելու, մնացած ամեն ինչը ցավոտ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































