Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը լրագրողների հետ զրույցում «ոչ տեղին» է որակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։
Ահմեդովի խոսքով՝ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Այդ հայտարարությունը հարուցել է սուր արձագանք թե՛ Ադրբեջանի կառավարությունում, թե՛ հասարակությունում։
Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում։ Կարծում եմ, որ ստատուս-քվոյի շուտափույթ փոփոխումը տարածաշրջանում կայունություն ու բարեկեցություն ապահովելու ամենաճիշտ ուղին է։
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նմանատիպ պաշտոնական հայտարարությունները, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման վերաբերյալ, կարելի է մեկնաբանել որպես Մինսկի խմբի կողմից իր պարտավորությունները կատարելու անընդունակություն։
Ցանկանում եմ ընդգծել, որ այդ կառույցը զգալի ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, սակայն նման հայտարարությունները ստվեր են նետում Մինսկի խմբի գործունեության վրա»,- ասել է նա։







































